«Ես չեմ կարդացել դատավոր Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը, ժամանակ էլ չեմ ունենա կարդալու։ Լավ կլինի՝ իր կարծիքն ինքը մեկնաբանի, եթե նման արտահայտություններ է թույլ տվել իրեն»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը՝ խոսելով սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ Թովմասյանի հատուկ կարծիքի մասին։
Նա հատուկ կարծիքում նշել էր, որ ՍԴ-ն խեղաթյուրում է Սահմանադրության նախաբանում Հայաստանի անկախության հռչակագրի բուն իմաստը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սահմանադրական դատարանը որոշել է՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Դատավորներ Վահե Գրիգորյանը, Դավիթ Խաչատուրյանը ներկայացնելու են համընկնող հատուկ կարծիքներ, իսկ դատավոր Հրայր Թովմասյանը՝ հակասող հատուկ կարծիք:
«Այն քննադատությունները, փողոցային մակարդակի հայհոյախոսությունը, որն ուղղվում է Սահմանադրական դատարանի հասցեին, մենք անպատասխան ենք թողնում ոչ թե նրա համար, որ պատասխան չունենք, այլ որովհետև չեն կարող իջնել այդ մակարդակի։ Վստահ եմ՝ ինձ հետ համախոհ ՍԴ դատավոր գործընկերները կուզեին, որ ՀՀ քաղաքացին իմանա․ այս որոշումն այն մասին չէ, ինչը քարոզվում է որոշ խմբակների, անհատների կողմից։ Ընդ որում, բացարձակ միաձայնությամբ Ադրբեջանի քաղաքական իշխանությունների հետ»,-նշել է Գրիգորյանը։