Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սահմանադրական դատարանը որոշել է՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Որոշումն այսօր է հրապարակվել, վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանն այսօր` սեպտեմբերի 27-ին, որոշումն ամբողջությամբ է հրապարակել, դրանում ներկայացված են դատարանի հիմնավորումները։ Դատավորներ Վահե Գրիգորյանը, Դավիթ Խաչատուրյանը ներկայացնելու են համընկնող հատուկ կարծիքներ, իսկ դատավոր Հրայր Թովմասյանը՝ հակասող հատուկ կարծիք:
Դատարանն անհրաժեշտ է համարել պարզել, թե որքանով է կանոնակարգով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության տարածքի որոշման հիմքում դրված սկզբունքը (1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի իմաստով՝ «գոյություն ունեցող սահմաններ») համապատասխանում Սահմանադրությանը:
Նշվում է՝ ավելի վաղ հրապարակված որոշումներից մեկով ՍԴ-ն արձանագրել է, որ Սահմանադրության անփոփոխ դրույթների շարքին անխուսափելիորեն դասվում է նաև Մայր օրենքի նախաբանը։ Սահմանադրական դատարանը մասնավորապես նշել է․
«․․․Որակական հատկանիշներով հանդերձ՝ Սահմանադրության անփոփոխ դրույթները (պայմանավորված իրենց անփոփոխելիության որակով) ունեն հստակ արտահայտված մեկ այլ՝ սույն գործով քննության համար նշանակություն ունեցող առանցքային հատկանիշ․ այդ դրույթները Սահմանադրի կողմից իր ինքնիշխան իրավազորության շրջանակում լուծման ենթակա հարցերի շրջանակի՝ Սահմանադրի կողմից սահմանափակման (ինքնասահմանափակման) կամքի արտահայտությունն են։
Մասնավորապես՝ անփոփոխ դրույթների ողջ նպատակային նշանակությունը դրանց անփոփոխելիությունը և ամենաբարձր աստիճանի կայունությունն ապահովելն է՝ որպես սահմանադրական արժեբանության կայունության, հարատևության և անմիջամտելի շարունակականության երաշխիք։ Այս նպատակի իրագործման համար անփոփոխ դրույթների սահմանմամբ Սահմանադիրն ինքնասահմանափակել է իր՝ անփոփոխ դրույթներին միջամտու- թյան հնարավորությունը։ Սահմանադրի կողմից որևէ դրույթ անփոփոխելիության որակով օժտելը պաշտպանում է Սահմանադրությունը փոփոխելու իրավասություն ունեցող սուբյեկտի կողմից այդ դրույթին միջամտությունից, և որպես այդպիսին՝ Սահմանադրության անփոփոխ դրույթները Սահմանադրի կողմից դրանք փոփո- խելուն կամ դրանց գործողությունը դադարեցնելուն ուղղված Սահմանադրի իրավազորությունը (ինքնա)սահմանափակող դրույթներ են»։
Նշվում է, որ անփոփոխ դրույթների մեկնաբանության մեթոդաբանությունն ընտրելիս Սահմանադրական դատարանը պարտավոր է ընդգծված զգուշավորություն դրսևորել այդ դրույթների մեկնաբանության համար՝ կիրառելով բացառապես «նեղ» մեկնաբանության մեթոդը խնդրո առարկա դրույթի որոշիչ իմաստային ուղղորդիչների։ Դատարանը համեմատական վերլուծության է ենթարկել Անկախության հռչակագրի և 1995 թվականի Սահմանադրության տեքստերը, որոնք, ըստ ՍԴ-ի, պարունակում են շարադրանքի մի շարք ակնհայտ տարբերություններ, սակայն՝ բովանդակային որոշ համընկնում և, միաժամանակ, տարբերություն ունեցող սկզբունքներ և նպատակներ։
«1995 թվականի Սահմանադրության դրույթների՝ Հռչակագրի հետ ունեցած ակներև անհամապատասխանությունները, դրանց շարադրանքի և բովանդակային տարբերությունների մասով ակնհայտորեն վկայում են, որ Սահմանադիրը, 1995 թվականի Սահմանադրության դրույթները սահմանելով, դրանց չի հաղորդել Հռչակագրի դրույթների հետ նույնական բովանդակություն՝ «հիմք ընդունելով հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» արտահայտության նշանակությունը դիտարկելով բացառապես իր կամընտրությամբ Սահմանադրությամբ ամրագրված դրույթների՝ միայն իր կողմից 1995 թվականի Սահմանադրությունում ամրագրված բովանդակության շրջանակում»։
ՍԴ-ն արձանագրել է․
-
Հռչակագիրն ունեցել է այն գաղափարական պաշտպանիչ ուժը, որը Հայաստանի՝ մինչև 1991 սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի արդյունքների հրապարակման պահը Հայաստանի ողջ իրավակարգին և պետական իշխանության մարմիններին պաշտպանիչ վահանի դերակատարմամբ պատնեշել է Հայաստանի անկախության հարցում ժողովրդի ազատ կամաարտահայտության հնարավորությունը սահմանադրական իրողություն դարձնելու համար,
- Հռչակագիրը կենսական խնդիրների լուծմանը ծառայած առանցքային ակտն է եղել,
- Հռչակագիրը եղել է այն ուղղորդիչ իրավաքաղաքական-գաղափարական բովանդակություն ունեցող ակտը։
Դատարանը նշել է, թե ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված շրջանակից դուրս հռչակագրի որևէ դրույթի սահմանադրական դրույթի իրավական ուժով օժտված լինելու ուղով շարժվելու հետևանքային ազդեցությունը «սահմանադրական երկիշխանության» վտանգի ներուժով, հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։ Սա չի եղել ո՛չ հռչակագրով, ո՛չ էլ Սահմանադրությամբ հետապնդվող նպատակ։
Դատարան ընդգծել է, որ միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման, տվյալ դեպքում՝ պետությունների միջև պետական սահմանի սահմանազատում իրականացնելու միջոցով, հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են՝ հաշվի առնելով, որ Սահմանադրության 205-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով, որն անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով:
Նշված հիմնավորումներով ՍԴ-ն որոշել է, որ կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։ Դատավորների հատուկ կարծիքները դեռ չեն հրապարակվել։
Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։