Սահմանադրական դատարանի որոշումը 2 կարևոր պատճառաբանական հատված ունի․ մեկ վերաբերում է Անկախության հռչակագրի և Սահմանադրության նախաբանի հարաբերակցությանը, մյուսը՝ կանոնակարգով սահմանվող պարտականությունների սահմանադրականության հարցին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ խոսելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սահմանադրական դատարանը որոշել է՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Դատավորներ Վահե Գրիգորյանը, Դավիթ Խաչատուրյանը ներկայացնելու են համընկնող հատուկ կարծիքներ, իսկ դատավոր Հրայր Թովմասյանը՝ հակասող հատուկ կարծիք:
«Այն պահին, երբ ՍԴ եզրահանգել է, որ Անկախության հռչակագիրն ինքնին չունի որևէ ազդեցություն Սահմանադրության նախաբանի նկատմամբ, դրանից հետո քննությունը որևէ ուղղությամբ խորացնելու անհրաժեշտություն չկա»,-նշել է Գրիգորյանը։
ՍԴ դատավորը նշել է նաև, որ նշված որոշումը չի վերաբերում հռչակագրի գործողությանը։ Նրա խոսքով՝ հռչակագիրը շարունակում է ունենալ այն ուժը, որն ունեցել է նախկինում․ «Դատարանն ասել է, որ նախաբանում հիշատակված լինելու ուժով հռչակագրի որևէ դրույթ ինքնուրույնաբար չի հանդիսանում Սահմանադրության բովանդակության մաս։ Այլ խոսքով, հռչակագրի որևէ դրույթ, որը չունի ամրագրում ՀՀ սահմանադրության մեջ, չունի որևէ Սահմանադրության ակտի աստիճանի իրավական ուժ և նշանակություն։ Սա է ասել Սահմանադրական դատարանը»։
Գրիգորյանը հավելում է՝ Հայաստանն ունի մեկ Սահմանադրություն և դա 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությունն է՝ հետագա փոփոխություններով։