Ո՞վ կարող է լինել ապահովագրական ընկերության ղեկավար

Ապահովագրական ընկերության ղեկավար կարող է լինել ցանկացած գործունակ անձ, ով՝
1) համապատասխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշներին.
2) դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն.
3) դատավճռով զրկված չէ ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.
4) ճանաչված չէ սնանկ և չունի չմարված (չներված) պարտավորություններ.
5) անցյալում չի կատարել այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը՝ որպես ընկերության ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել ընկերության գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել ընկերության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.
6) քրեական գործով ներգրավված չէ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:

Ապահովագրական ընկերության խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել տվյալ ընկերության գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, ինչպես նաև այլ ընկերության խորհրդի նախագահ կամ անդամ, գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, բացառությամբ այն դեպքերի, երբ երկու ընկերություններից մեկը մյուսի դուստր կամ մայր ընկերությունն է:

Ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, տնօրինության անդամները, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կամ անդամները չեն կարող միևնույն ընկերությունում զբաղեցնել այլ պաշտոն կամ այլ ապահովագրական ընկերությունում լինել ղեկավար կամ այլ աշխատակից: Բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից, նշված անձինք կարող են վճարովի այլ աշխատանք կատարել միայն խորհրդի համաձայնությամբ:

Պատասխանատու ակտուարը տվյալ ընկերությունում կամ այլ ֆինանսական կազմակերպությունում, բացի ակտուարի պաշտոնից, չի կարող զբաղեցնել այլ պաշտոն: Ընկերությունում պատասխանատու ակտուար աշխատող անձն այլ ընկերությունում պատասխանատու ակտուարի գործառույթներ կարող է իրականացնել միայն այն ընկերության խորհրդի համաձայնության առկայության դեպքում, որում (որոնցում) նա հանդիսանում է պատասխանատու ակտուար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել