Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմեց խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական գործիչներն։ Նա ասաց, որ դիմում է բոլորին, ովքեր հայրենիքն իրենց սրտում, մտքում, կյանքի ու կամքի մեջ բախվում են ահռելի «մեքենային»։
«Դուրս եկեք սովորական ապրելու կարգավիճակից։ Մեզ ընդհանրական համախմբում է անհրաժեշտ, ոչ թե միայն զգացմունքով, այլ բանականությամբ և այդ բանականության համարժեք գործելու և ազատվելու այս չարիքից։ Գործել, գործել և միայն գործել առանց որևէ տեսակ իրավունքների հետապնդման և առանց տկարանալու։ Ինձ և այս պայքարի մեջ ներգրաված մարդկանց անընդհատ մեղադրում են, թե այս կամ այն անձի կամ ուժերի, դրսի, թե ներսի զանազան ուժերի, փողերի և այլնի ենք ծառայում։ Ես մեկ անգամ չէ, որ այդ մասին ասել եմ և նորից կասեմ՝ մեզ համար այլ արժեք գոյություն չունի, քանի մեր հայրենիքն ու պատիվը։ Ամեն ինչ, ինչ ունենք և չունենք դրել ենք այս պայքարի համար և երջանիկ ենք դրա համար։ Եվ որևէ մեկին ծառայելու և որևէ մեկից սատարվելու կարիք չունենք՝ կլինի դրսից, թե ներսից։ Դուք քաղաքական գործիչներ, իշխանական կամ ոչ․ բա դուք ո՞ւմ եք ծառայում, բա ձեզ ո՞վ է սատարում, դու ի՞նչ տեսակ արժեք ունեք, ո՞ւմ պատկերը տեսնելիս եք հարճի պես ուրախանում։ Ձեզ ո՞վ է սատարում և ստրկացրել»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանը՝ դիմելով գործարարներին ասաց, որ իրենց անձնական պատսխանատվությունն ու հանրային պատասխանատվությունը չի համապատասխանում իրենց ունեցվածքին։
«Դուք միայն 10 տոկոսի փողերով չեք հարստացել, դուք հարստացել եք ողջ ժողովրդի դրամներով ու լումաներով։ Հարստացել եք նաև Արցախով, որի ճակատագրին արժանանալու եք նաև Հայաստանում, եթե շարունակեք որդեգրել այսպիսի կեցվածք։ Ձեզանից շատերի համար հայրենիքը ձեր ունեցվածքն է։ Ձեր Աստվածը ձեր ստամոքսն է։ Ծառայում եք այս ռեժիմին։ Այդ մասին ասել եք՝ անամոթաբար երեսիս նայելով, որ ձեզ ճնշում են, որ դուք վախենում եք, որ ձեր ունեցվածքի ինչ-որ հատված կկորցնեք։ Եթե ժամը հասավ՝ անուն առ անուն ենք գալու ձեր ետևից, դուք պետք է հանգիստ չունենաք մեր երկրում, եթե հանգիստ չունեք այս ռեժիմի կողմից, որոնց 10 միլիոն դրամ տալով՝ ազատվում եք ամեն ինչից։ Այո, դուք վախենում եք այս իշխանություններից, դուք վախկոտ եք, տղամարդկություն չունեք։ Ձեր ընտանիքի հանդեպ էլ չունեք տղամարդկություն։ Եթե ձեր պետության, հայրենիքի իրավունքները չեք պաշտպանում, գոնե ձեր իրավունքները պաշտպանեք»,-ասաց նա։