Հանրապետության հրապարակում շարունակվում է «Սրբազան պայքար» շարժման հանրահավաքը։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ շարժման բովանդակությունը ստի և ճշմարտության մասին է, որի ակնունքներում կանգնել է ինքը՝ բարձրագույն պատասխանատվությամբ։
«Չեմ նստել և սպասել, որ իմ փոխարեն ուրիշը պետք է գործի, վերլուծություններ չեմ արել և այդպես ինքնաբավարարվել։ Չեմ քննադատել ուրիշներին, ովքեր պայքարել են և վերջում որոշել, որ հիասթափված են։ Քաղաքականություն չեմ խաղացել և քաղաքական գործիչ լինելու հավակնություն ստանձնել և ամենից փորձել քաղաքական դիվիդենտներ քաղել ու մնալ մաքուր նկարագրով՝ դառնալով իրադարձային գործիչ, ով սպասում է հարմար առիթի ուրիշի հաշվին փորձել խցկվել խորհրդարան կամ այլուր և այդպիսով ինքն իրեն արդարացնել այս արևի տակ՝ մի կողմ թողնելով բոլոր ազգային նպատակներն ու շահերը։ Ես եղել եմ և մնացել եմ այս պայքարի մեջ՝ հակառակ բոլոր զրկանքների, բամբասանքների, չարախոսությունների։ Կոչ եմ անում բոլոր քաղաքական և այլ հավակնություններ ունեցողներին՝ թոթափեք ձեր վրայից ամբարտավանության և հավակնությունների այդ բեռը, մեղքը, ինքներդ ձեզ ձեր կաշկանդումներից ազատագրեք։ Մի կողմ թողեք ձեր վախերն ու վախկոտությունները, դարձեք իրապես նկարագիր կրող, իրապես գործիչներ, ոչ թե գործիքներ։ Մեր դիմաց ծանր իրադարձություններ, սպասումներ են, դավաճանական նոր ծրագրեր, հայրենահանձնման դիվական նոր պլանավորումներ։
Ժողովուրդ ջան, ես չեմ եկել ո՛չ արդարանալու, ո՛չ էլ ինքս ինձ արդարացնելու։ Այս պայքարը շարունակվելու է, քանի չարիքը տիրել է մեր երկրին։ Չեմ երկնչում ասելու, որ այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ է և հետևողական է և դարձյալ պետք է կրկնեմ՝ մի մտածեք հնարավոր կամ անհնար լինելու մասին, մտածեք ու գործեք անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ լինելու մասն։ Անհրաժեշտ է այս պայքարը, անհրաժեշտ է մեր երկրի ազատագրության համար։ Սա պետք է հասնի բոլորի մտքին։ Ես ասել եմ՝ իշխանափոխությունն այս պայքարում կարևոր, բայց փոքր բաղադրիչ է։ Մենք ներքին փոփոխության կարիքն ունենք։ Ինձ մշտապես ասել եք՝ մեզ մենակ չթողնես, ես չեմ հասկացել՝ դա ի՞նչ է նշանակում, ես ձեզ մենակ չեմ թողել և երբեք չեմ թողնելու։ Մնում է միայն զինվեք հավատքով, համբերությամբ և պայքարի կամքով։ Մոռացեք անզորության բոլոր զգացումները, մտածեք հաղթանակի մասին»,-ասաց նա։