«Իզուր մոտեցաք ամբիոնին, ես Ձեզ հարց չէի տվել»․ Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը երկու մեջբերում կատարեց։

1․ «Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ և ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ։ Ինձ համար հետևությունը մեկն է. մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։

Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար։ Ինչու, ինչպես, այսօրվա խոսակցության նյութ չէ»։

2․ «2021 թ․ ի վերջո, մեր տղերքն ինչի՞ համար զոհվեցին: Ես  ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այդ հարցին․ մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ Ադրեբջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի հարցը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնար, բայց այսօր Արցախը կա, արցախահայությունը կա, դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների և բանակի շնորհիվ է»։

Աղվան Վարդանյանն ասաց․ «Երկու մեջբերումն էլ նույն մարդուց է՝ Ն․Փ․-ից, ո՞ր խոսքիդ հավատա Հայաստանի քաղաքացին, Արցախը կա ասելով դու արդեն հանձնել ես Ադրբեջանի նախագահին, հիմա պետություն ունենալու նոր հնարավորությո՞ւն ես տեսնում, թե՞ իշխանության մնալու հնարավորություն։ Ես այդ մարդուն հարց չունեմ, բայց ուզում եմ այդ հարցին թեկուզ մտքում պատասխանեն մեր քաղաքացիները, զոհերի հարազատները»։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Երկու մեջբերումներն էլ ճիշտ են, և ես որևէ խնդիր չեմ տեսնում, երկու մեջբերումների միջև ընկած տարածությունն ու բովանդակությունը մենք քննարկել ենք հատկապես նախորդ հարցուպատասխանի ընթացքում։ Կարիք կա՞ էդ նույնը կրկնելու համար։ Դուք կոչ եք անում, որ ՀՀ քաղաքացին մտածի, ես էլ կոչ եմ անում ՀՀ քաղաքացին յութուբում բացի նախորդ մեր հարցուպատասխանը, նայի ու էնտեղ Ձեր հարցերի պատասխանները երկու մեջբերությունների միջև ընկած Ձեր կողմից թվացյալ ներկայացվող հակասությունները ամբողջությամբ մեկնաբանված են»։

Ի պատասխան վարչապետի արձագանքին՝ Աղվան Վարդանյանն ասաց․ «Իզուր մոտեցաք ամբիոնին, ես Ձեզ հարց չէի տվել, եթե Ձեզ հարց չեն տալիս, մի պատասխանեք», իսկ Փաշինյանն էլ պատասխանեց, որ եթե իրենց ուղղված որևէ հարց չկա, ուրեմն՝ թող չարձագանքի իր պատասխաններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել