Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մուտքը երկիր՝ ասելով, որ նա չի կարողացել «միանշանակ» դատապարտել Իրանի հարձակումը։ Այս մասին գրում է Reuters-ը։
Իրանի կողմից Իսրայելի վրա զանգվածային հարձակումից հետո Գուտերեշը «X» սոցիալական ցանցում գրել է, որ «դատապարտում է հակամարտության ընդլայնումը Մերձավոր Արևելքում»՝ տեղի ունեցողն անվանելով «էսկալացիա՝ էսկալացիայի վրա»։
Իսրայել Կացը պատասխանել է, որ «ամեն ոք, ով չի կարող միանշանակ դատապարտել Իրանի սարսափելի հարձակումը Իսրայելի վրա», արժանի չէ «ոտք դնելու Իսրայելի հողի վրա»:
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակումն անվանել է «Հեզբոլլահի» առաջնորդի սպանության համար վրեժխնդրություն։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը «մեծ սխալ» է թույլ տվել, որի համար «կվճարի»։