«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը «Ուխտագնացություն, սրբավայրեր և ժամանակակից մարտահրավերներ» թեմայով զրուցել է Արարատյան Հայրապետական թեմի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի հետ։
-Ինչպե՞ս է զարգացել ուխտագնացության ավանդույթը Հայաստանում, և ինչ նշանակություն ունի այն այսօր:
-Ուխտագնացությունը շատ մեծ նշանակություն ունի։ Մենք՝ քրիստոնյաներս, գտնվում ենք քրիստոնեական մեծ ուխտի մեջ, այսինքն Աստված մարդու հետ, մինչ Քրիստոս, մի քանի անգամ ուխտ է կնքել։ Առաջին ուխտը եղել է Նոյի հետ, երբ ջրհեղեղից հետո Աստված Նոյին խոստացավ, որ այլևս իր ժողովրդին չի պատժելու ջրհեղեղով և ծիածանը եղավ ուխտի նշանը։ Հետո Աստված ուխտ կնքեց Աբրահամի հետ և հասավ մինչև Քրիստոս։ Քրիստոսի միջոցով Աստված ևս մեկ անգամ ուխտ կնքեց։ Հիմա մենք գտնվում ենք ուխտի մեջ, բայց ժամանակ առ ժամանակ խախտում ենք այն, երբ մեղք ենք գործում, երբ որևէ վատ իրավիճակում ենք հայտնվում։ Մեր կամքով, թե անկախ մեր կամքից, պարբերաբար այդ ուխտը խախտում ենք։
-Որո՞նք են Հայաստանի ամենահայտնի սրբավայրերը, և ինչպե՞ս են դրանք պահպանվում ու կառավարվում:
-Չենք կարող թվարկել ամենահայտնի սրբավայրեր, որովհետև շատ-շատ են Հայաստանում հայտնի սրբավայրեր՝ Տաթևը, Նորավանքը, Սուրբ Խաչը։ Այսպես ասեմ՝ ամեն մարզում կան շատ զորավոր և ազդեցիկ եկեղեցիներ, որոնք հայտնի սրբավայրեր են։ Այս վերջերս ավելի շատ այցելում են Սուրբ Հովհաննես, բայց չի նշանակում, որ այն ավելի կարևոր է, քան մյուսները։ Ավելի կարևոր է, թե մարդն ինչպես է գնում ուխտի։ Արդյոք ուխտագնացությունը վերածվում է էքսկուրսիա գնալու, թե գնում է Աստծու հետ իր կապը նորոգելու, գնում է Աստծո հետ երկխոսելու։
-Ինչո՞ւ են մարդիկ այցելում Սուրբ Հովհաննեսի մատուռ, և ի՞նչ հավատալիքներ կան դրա հետ կապված:
-Այնտեղ պահպանվել է Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքներից և վերջին շրջանում շատ մեծ նշանակություն է ստացել ժողովրդի համար, որովհետև այնտեղ կատարված հրաշքների մասին ավելի շատ է բարձրաձայնվել և նաև կա սովորություն, որ եթե մարդու ուխտը կատարվել է խաչքար են տեղադրում, անկախ նրանից մեծ է, թե փոքր։ Երբ մարդիկ այցելում են և տեսնում այդքան խաչքարեր, մտածում են, որ իրապես զորավոր տեղ է և սկսում են խոսել, որ այդտեղ կատարվում են հրաշքներ, բայց դա չի նշանակում, որ այլ սրբավայրերում չեն կատարվում հրաշքներ։ Գուցե ավելի շատ են կատարվում, բայց դրանց մասին չի խոսվում, այ սա է խնդիրը։
-Վերջին տարիներին Սուրբ Հովհաննեսի մատուռի շրջակայքում մեծ թվով խաչքարեր են տեղադրվել, ինչը երբեմն դժվարացնում է ուխտավորների անվտանգ տեղաշարժը: Ինչպե՞ս է այս իրավիճակն ազդում ուխտագնացության ավանդույթի վրա: Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է կարգավորվի խաչքարերի տեղադրման գործընթացը՝ հաշվի առնելով և՛ հոգևոր ավանդույթները, և՛ անվտանգության հարցերը: Ո՞ւմ պետք է վերապահված լինի այս հարցի կարգավորումը՝ եկեղեցուն, պետությա՞նը, թե՞ համայնքին:
-Այս պահին, ես որքանով որ տեղյակ եմ եկեղեցուն են պատկանում այդ կարգավորման հարցերը և որևէ սրբավայրի հետ կապված հարցերը ճիշտ է, որ եկեղեցու հետ կարգավորվի, հոգևորականի, քահանայի կամ թեմակալ առաջնորդի։ Որովհետև կա թույլատրելիության սահման, այո, մարդը լավ բան է ցանկանում անել, գնացել է, ուխտ է արել, բայց ճիշտ պետք է կազմակերպել, որ գեղեցիկ լինի ամեն ինչ։ Ում մտքով ինչպես անցնի, չտանի տեղադրի և դառնա խառնաշփոթ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան