Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն ապրում են «ռեւանշի մտքերով»․
«Ռեւանշիստական ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնում. սրանք միայն մարգինալ քաղաքական տարրեր չեն, Հայաստանի ներկայիս իշխանություններն ապրում են նույն մտքերով ու երազանքներով»,- նշել է Ալիևը։
Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները չեն ցանկանում հաշտվել «Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության արդյունքների հետ».
«Թեեւ սա ասում են խոսքով, բայց իրենց գործերը, քաղաքականությունը, քայլերը լրիվ հակառակ պատկեր են ստեղծում։ Դա է վկայում Մինսկի խմբի ֆորմալ պահպանումն առ այսօր, որը գործառական նշանակություն չունի: Հայաստանը և նրա թիկունքում գտնվող ցանկացած երկիր պետք է իմանա, որ մեզ հետ շանտաժի և վերջնագրի լեզվով խոսելն անհնարին կլինի։ Մենք պատրաստ ենք, ի վիճակի ենք ցանկացած պատասխան տալու և միշտ պետք է պատրաստ լինենք դրան»:
Նախագահը հիշեցրել է, որ պատերազմին հաջորդած ժամանակահատվածում իրենք զգալիորեն մեծացրել են երկրի ռազմական հզորությունը․
«Ստեղծվեցին նոր զինված կազմավորումներ, մի քանի անգամ ավելացվեց հատուկ ջոկատայինների թիվը։ Այսինքն՝ ստեղծվել են հատուկ նշանակության ջոկատներ ու կոմանդոսներ, որոնց թիվը գնալով ավելանում է ու տարեցտարի կաճի»։