Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ. հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» հասարակական-քաղաքական պարբերականին տված հարցազրույցում:
«Ինչպես գիտեք, Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին, սակայն մենք դեռ Հայաստանը համարում ենք իրավահավասար գործընկեր: Պատրաստ ենք Երևանի մեր գործընկերների հետ երկխոսել բոլոր հարցերի շուրջ»,- նշել է նա։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, քանի որ, ըստ նրա՝ այդ կառույցը ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։
«Լիարժեք կվերականգնենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ։ Ինչքան այդ պատասխանները չեն հնչում, ամեն րոպեի ու վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից»,-նշել է նա։