«Լևոն Քոչարյանը չէր կարող ոչ մի տեղ չաշխատելով հարյուրավոր միլիոն դրամներով ձեռք բերել ընկերությունը»․ դատախազ

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 27-ին, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործով նիստը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և նրա կնոջ՝ Բելլա Քոչարյանի, դստեր՝ Գայանե Քոչարյանի, վերջինիս ամուսնու՝ Վիգեն Չատինյանի, երկու որդիների՝ Լևոն ու Սեդրակ Քոչարյանների, նրանց կանանց՝ երգչուհի Սիրուշոյի (Սիրանուշ Քոչարյան) և Զարուհի Բադալյանի դեմ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատասխանող կողմի ներկայացուցիչները ամբողջությամբ դեմ էին դատական նիստի տեսանկարահանմանն ու լուսանկարահանմանը։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը «Թարգեթ Գրուպ» ՓԲԸ-ի անունից հանդես եկավ հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու միջնորդությամբ։ Խոսքը վերաբերում էր ընկերությանը պատկանող 2018 թ․ թողարկման Toyota Camry ավտոմեքենային։ 2024 թվականի հուլիսին որոշվել է ավտոպարկը թարմացնել,  և ձեռք է բերվել 2023 թվականի արտադրության Lexus մակնիշի մեքենա:

Հովհաննիսյանը նշեց, որ ընկերությունում կա 4 մեքենա, և անհրաժեշտություն է առաջացել Toyota Camry-ն օտարել, գումարներն ուղղել ընթացիկ գործունեության վրա, քանի որ Lexus մակնիշի ավտոմեքենայի գումարն ամբողջությամբ վճարվել է։ Նա միջնորդեց թույլատրել, որպեսզի մեքենան արգելանքից հանվի, գումարներն ուղղվի ընկերության ընթացիկ գործունեության համար՝ հաշվի առնելով, որ տնօրենին արգելվել է օտարել գույքը, իսկ ընկերության բաժնետոմսերը պատկանում են Սեդրակ Քոչարյանին և դիտվել են որպես ապօրինի ծագում ունեցող գույք։

Հայցվոր կողմից առարկություններ չկային, դատախազ Գևորգ Քոչարյանը նշեց, որ որևէ հիմք չկա խոչընդոտելու ընկերության բնականոն գործունեությանը։ Այս միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կուղարկվի կողմերին։

Հաջորդիվ շարունակվեց հայցի հիմքի և առարկայի պարզմանն ուղղված հարցուպատասխանը։

Պատասխանողներ Ռոբերտ Քոչարյանի և Բելլա Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հայցվոր կողմին ուղղեց հետևյալ հարցը՝ ո՞րն է իրավական հիմքը, որ նշված կետերում նախատեսվում է Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված, սակայն օրենքի իմաստով Ռոբերտ Քոչարյանին պատկանող թվարկված գույքերը։

Նա ընդգծեց, որ իրական շահառուի սահմանումը տրվում է 3 կետերով՝

  • ֆիզիկական անձ, որի անունից, օգտին կամ որի հաշվին է իրականացվել գործարքը,
  • ֆիզիկական անձ, որը վերահսկում է կամ վերահսկել է գործարքը,
  • երրորդը՝ այն անձին, որի անունից կամ օգտին իրականացվել է գործարքը։

Հարցրեց, թե երեք կետերից ո՞րն է հիմնավորում Ռոբերտ Քոչարյանի իրական շահառու լինելու հանգամանքը, և ի՞նչ փաստական տվյալներ կան։

Դատախազ Համլետ Հարությունյանը պատասխանեց, որ կոմպոնենտներից մեկի առկայությունն էլ բավարար է, որպեսզի իրական շահառու համարվի անձը՝ այլ անձի անվամբ գրանցված գույքի համար․ «Այս պարագայում բոլոր գույքերի դեպքում առկա են իրական շահառուի բոլոր կոմպոնենտները,  և փաստական հանգամանքները հայցադիմումում ներկայացված են»։

Արամ Օրբելյանը պնդեց, որ պատասխանը փաստական հանգամանքների մասով պարզ չէ, քանի որ դրանք ընդհանրական են, յուրաքանչյուր գույքի վերաբերյալ տրված չեն։

Դատախազ Գևորգ Քոչարյանն ասաց, որ փաստական հանգամանքները ընդհանրական չեն, ամեն գույքի մասով հայցում ներկայացված են, տրված է, որ կոնկրետ գույքը ձեռք է բերվել նշված ժամանակահատվածում, գումարը ձեռք է բերվել x անձի կողմից և այլ տվյալներ։

Արամ Օրբելյանը նշեց, որ գույքը ձեռք բերելու համար դրամական միջոցների առկայությունը մի հանգամանք է, իսկ գույքի՝ անձին պատկանելու հանգամանքը, իրական շահառու լինելը՝ այլ։

«Հիմա ես առնվազն ուզում եմ հասկանալ՝ որոշակի գույքերի ցուցակը, որոնք նախատեսված են հայցադիմումում՝ որպես անձին պատկանող գույքեր, և դուք հստակեցրիք, որ բոլորի դեպքում նկատի ունեք 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի բ ենթակետը, այն է՝ Ռ․ Քոչարյանն ըստ Ձեզ հանդիսանում է այդ գույքերի իրական շահառուն, երբ խնդրեցի պարզաբանեք, ասացիք՝ բոլոր կետերով է հանդիսանում։ Որևէ գույքի մասով բ կետում, գ կետում կամ այլ կետում, ասեք այ էդ գույքի մասով փաստական հանգամանքները»,-ասաց Օրբելյանը։

Գևորգ Քոչարյան

Գևորգ Քոչարյանը պատասխանեց, որ գույքերի վերաբերյալ բոլոր հիմքերը ներկայացված են հայցադիմումի մեջ, բոլոր գույքերի մասով դիրքորոշումը նույնն է, եթե առկա կլինեն լրացուցիչ հանգամանքներ, դրանք ևս նշված կլինեին։

«Մեր մոտեցումն ընդհանուր է, որը վերաբերել է բոլոր՝ թե՛ ձեռք բերված առաջնային գույքերին, թե՛ արդեն առաջնային գույքերի օգտագործումից ստացված եկամուտների և դրանց օգտագործմամբ ստացված գույքերին»,-ասաց նա։

Արամ Օրբելյանը ասաց, որ, օրինակ, Լևոն և Գայանե Քոչարյանները համարվում են առանձին տնտեսություն վարողներ, և նրանց մասով ևս նշվել է՝ առանձին ծախսերը չեն հիմնավորվում օրինական եկամուտներով: Հարցրեց, թե ո՞րն է այն փաստական հանգամանքը, որով գույքերի իրական շահառուն պետք է համարվի Ռոբերտ Քոչարյանը։

Պատասխանելով նշված հարցին՝ Գևորգ Քոչարյանն ասաց, որ օրենքի տրամաբանությունն այն է, որ եթե պաշտոնատար անձ է, և թեկուզ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձինք ունենան չհիմնավորվող ակտիվներ, գույք, դա ուսումնասիրության շրջանակներում, վարույթով ենթակա է բռնագանձման։

«Ամբողջ տվյալների համադրման, համալիր վերլուծության արդյունքում է կատարվել,  հաշվի առնելով, որ, օրինակ, Լևոն և Գայանե Քոչարյանները չեն հանդիսացել պետական պաշտոնյաներ, մեր գնահատմամբ, իրենք հենց իրենց անձնական գործունեության արդյունքում առանց Ռոբերտ Քոչարյանի միջամտության կամ նրա անձը օգտագործելու չէին կարող ապօրինի եկամուտներ գեներացնել․ մենք այն ամենը, ինչն օրինական եկամուտներով չի հիմնավորվել, վերագրել ենք Ռ․Քոչարյանին։ Լևոն Քոչարյանը, մեր համոզմամբ, չէր կարող ոչ մի տեղ չաշխատելով հարյուրավոր միլիոն դրամներով ձեռք բերել «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը, Սեդրակ Քոչարյանը չէր կարող սիմվոլիկ աշխատավարձերով հարյուրավոր միլիոն դրամներով ձեռք բերել մի շարք անշարժ գույքեր, ընդ որում նվեր տալ եղբորը կամ քրոջը։ Փաստարկները մեկը չեն, երկուսը չեն, դրանք բազմաթիվ են, դրանք ներկայացված են հայցադիմումով»,-ասաց Գևորգ Քոչարյանը։

Արամ Օրբելյանը կրկին պնդեց, որ իր հարցադրումը վերաբերում է այն հանգամանքին, թե ինչ փաստերի հիման վրա է հայցվորը որոշել, որ վերջիններս չեն ունեցել բավարար դրամական միջոցներ այդ գույքերի ձեռքբերման համար։

Դատախազի խոսքով՝ այս պահին դատավարական տեսանկյունից գտնվում են հայցի հիմքի և առարկայի, ոչ թե դատախազության նպատակների, ցանկությունների պարզման փուլում։ Հայցի հիմքն ու առարկան ներկայացված են, և դրանից զատ, այլ բան այս պահին չեն փորձում պարզել։

Այս հարցի քննարկման ընթացքում Արամ Օրբելյանը միջնորդեց դատական նիստը դռնփակ անցկացնել։

15 րոպե ընդմիջումից հետո քննարկվեց նիստը դռնփակ անցկացնելու հարցը․ դատարանը մերժեց այն, նիստը շարունակվեց դռնբաց ռեժիմով։

Գևորգ Քոչարյանը հայտնելով իր դիրքորոշումը նշված հարցի վերաբերյալ՝ ասաց, որ առհասարակ այս վարույթը հավանականությունների մասին է, և այս սկզբունքներով էլ առավել հավանական են համարել այն վարկածը, ինչը ներկայացվել է հայցի հիմքում։

Օրբելյանը հակադարձեց՝ ասելով, որ այստեղ խոսքը առանձին գործունեություն ծավալող, տնտեսություն վարող անձանց մասին է, որոնց եկամուտները վերագրել Ռոբերտ Քոչարյանին, հավանականությունների դաշտում չի կարող քննարկման առարկա դառնալ։ Նա պնդեց՝ իր վստահորդների բոլոր եկամուտներն օրինական գործունեության արդյունքում են ստացվել։

Համլետ Հարությունյան

Դատախազ Համլետ Հարությունյանն ասաց․ «Բոլոր փաստերը համադրության մեջ պետք է դիտարկել։ Մենք ասում ենք հետևյալը․ հայցադիմումում այն բոլոր փաստերը, որոնց հիման վրա փաստակազմի առկայության և դրա համալիր վերլուծության արդյունքում գալիս ենք եզրահանգման, որ, այո, այս ընտանիքը վարել է այդպիսի տնտեսություն, որը հիմք է տալիս պնդելու, որ միասնական են եղել ֆինանսական շարժերը, և եկել ենք եզրահանգման, որ իրական շահառուն հանդիսացել է Ռոբերտ Քոչարյանը․ դա մեր վկայակոչած բոլոր փաստերի համադրություն արդյունքում է ձևավորվել»։

 

Փաստաբան Հարություն Հարությունյանը կրկին հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Սեդրակ Քոչարյանի գույքերը օրենքի իմաստով դիտարկվում որպես Ռոբերտ Քոչարյանին պատկանող, և հայցվոր կողմը բացառու՞մ է արդյոք այն, որ մնացյալ գործարքներն իրականացվել են Սեդրակ Քոչարյանի կողմից։

Գևորգ Քոչարյանն ասաց, որ որևէ բան 100 %-ով բացառել չեն կարող, հնարավոր է՝ Սեդրակ Քոչարյանն ունեցել է այնքան բավարար միջոցներ, որոնցով կհիմնավորվեին թե՛ իր, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Լևոն և Գայանե Քոչարյանների անուններով ձևակերպված բոլոր գործարքները, սակայն դրանց վերաբերյալ գնահատականներն արձանագրել են իրենց հայտնի տվյալներով, իսկ այդ տվյալները փաստում են, որ Սեդրակ Քոչարյանի եկամուտները բավարար չեն եղել որոշակի ծախսեր կատարելու համար։

Հարությունյանը նաև հարցրեց, թե Զարուհի Բադալյանի մասով մինչև ամուսնությունն առկա՞ է ուսումնասիրություն, Գևորգ Քոչարյանը պատասխանեց, որ եկամուտների, գույքային գործարքների վերաբերյալ տվյալներն առկա են առանց ժամկետային սահամանփակումների, իսկ բանկային գաղտնիքը ստացվել է ամուսնությունից հետո։

Նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստին պատասխանող կողմի ներկայացուցիչները կշարունակեն հայցի և առարկայի պարզմանն ուղղված հարցադրումներ կատարել։

Հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերի 24-ին։

Մարիամ Շահնազարյան

Լուսանկարները արվել են այլ դատական նիստերի ընթացքում։ Գլխավոր լուսանկարը՝ Լևոն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել