«Ես կեղծ տեղեկություններ եմ կարդում Ֆրանսիայի մասին՝ Պավել Դուրովի ձերբակալությունից հետո»,-այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա նշել է, որ Ֆրանսիան ավելի քան երբևէ հավատարիմ է խոսքի և հաղորդակցության ազատությանը, նորարարությանը և ձեռներեցությանը: Եվ այդպես էլ կմնա:
«Իրավական պետությունում, սոցիալական ցանցերում, ինչպես իրական կյանքում, ազատություններն իրականացվում են օրենքով սահմանված շրջանակներում՝ քաղաքացիներին պաշտպանելու և նրանց հիմնարար իրավունքները հարգելու համար։
Օրենքի պահպանման ապահովումը վստահված է դատարաններին, որոնք ունեն լիակատար անկախություն։
Ֆրանսիայում Telegram-ի հիմնադրի ձերբակալությունը տեղի է ունեցել ընթացիկ դատական հետաքննության շրջանակում։ Սա ոչ մի կերպ քաղաքական որոշում չէ։ Դատավորները պետք է որոշում կայացնեն»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում: Դա տեղի է ունեցել, երբ նա իջնում էր մասնավոր ինքնաթիռից, որը ժամանել էր Ադրբեջանից: Ըստ տեղեկությունների՝ ֆրանսիական իրավապահները Դուրովին հանցակից են համարում մի շարք դրվագներով, այդ թվում՝ իշխանությունների հետ համագործակցությունից Telegram-ի հրաժարվելու պատճառով։
Նշենք, որ Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ Telegram-ի հիմնադրին այսօր կարող են մեղադրանքներ առաջադրվել, այդ թվում՝ ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի, խարդախության և փողերի լվացման համար: