Հայաստանի ներկայացուցիչներն Օլիմպիական խաղերում դեռևս երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում երկամարտի 398 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը:

102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը պոկում վարժությունն ավարտել է 186 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 212 կգ կշռող ծանրաձողը:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի մյուս անդամ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն էլ Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք (170+200 կգ):

Այսօր երեկոյան մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին, որտեղ Հայաստանը կներկայացնի աշխարհի փոխչեմպիոն, 2024 թ. Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Վարազդատ Լալայանը:

Փարիզում ավարտին մոտեցող Օլիմպիական խաղերում այսօր մրցագորգ է դուրս եկել նաև Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող 65 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը: Վերջինս մեկնարկային՝ 1/8 եզրափակչում մրցել է Վրաստանի ներկայացուցիչ Գոդերձի Ձեբիաշվիլիի հետ և 11:0 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ։

Հայ ըմբիշը քառորդ եզրափակչում գոտեմարտել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուլգա Թումուր Օչիրի հետ և 5:1 հաշվով հաղթելուց հետո վերջին րոպեներին 5:7 հաշվով ցավալի պարտություն է կրել՝ չկարողանալով դուրս գալ կիսաեզրափակիչ:

Ինչպես հայտնում է ԿԳՄՍ-ն, Հայաստանի ներկայացուցիչներն Օլիմպիական խաղերում դեռևս երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել