Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի գործով առաջին նիստը, որը նախագահում է դատավոր Մերի Մոսինյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում պաշտպանական կողմը միջնորդեց վերացնել Քերոբյանի նկատմամբ կիրառված «բացակայելու արգելք» խափանման միջոցը և թույլատրել նրան մեկնել արտերկիր։ Անհրաժեշտությունը առաջացել է այն բանից հետո, երբ նախկին նախարարի որդին ընդունվել է ԱՄՆ Մինեսոտայի համալսարան։
«Վահան Քերոբյանը ցանկություն ունի մեկնի տղայի հետ, քանի որ վերջինս առաջին անգամ է գնալու այնտեղ։ Մեկնի, հավաստիանա, որ ամեն ինչ նորմալ է, տեղավորի, անհրաժեշտ բոլոր հարցերը հոգա և վերադառնա ՀՀ։ Առաջնային խնդիրը դա է»,-նշեց պաշտպանը՝ հավելելով, որ միջնորդում են կիրառել ավելի խստ խափանման միջոց՝ գրավի տեսքով։
Վահան Քերոբյանն օգոստոսի 19-ին պետք է ԱՄՆ-ում լինի։
Հանրային մեղադրողը նշեց, որ նիստն ընթանում է Քրեական դատավարության ընթացակարգերի խախտմամբ, քանի որ Աշոտ Հովհաննիսյանը դատարանում չէ։
«Այսօրվա դատական նիստը շարունակելով, պատվարժան դատարան, Դուք կանխորոշում եք հետագայում ներկայացվող միջնորդությունները։ Բացի այդ, մեղադրական եզրակացություն անգամ Վահան Քերոբյանը չի ստացել։ Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ մեղադրյալի կողմից մեղադրական եզրակացությունը ստացված չլինելու դեպքում նիստերը հետաձգվում են»,-նշեց դատախազը՝ հավելելով, որ առարկում է խափանման միջոցի փոփոխության դեմ, քանի որ Վահան Քերոբյանը կարող է մեկնել և այլևս չվերադառնալ Հայաստան։
Բացի այդ, մեղադրողը կարծում է, որ Քերոբյանի որդին բավականին մեծ է արտերկրում ինքնուրույն հաստատվելու, կողմնորոշվելու համար։ Պաշտպանները հակադարձեցին․ «Տղան ընդունվել է, դա իրադարձություն է ընտանիքում, ցանկանում է ուղեկցել տղային։ Երևի առաջին անգամ է հեռու տեղ մեկնում, ճամբար չի էլի»։
Վահան Քերոբյանն էլ դատարանում հայտնեց, որ իր տղայի համար շատ կարևոր իրադարձություն է և ուզում է նրա կողքին լինել։ Բացի այդ, աշխատանքի բերումը նա հաճախ է ստիպված լինելու մեկնել արտերկիր կամ մեկնելը թույլատրելու համար միջնորդություններ ներկայացնել։
Հանրային մեղադրողը կրկին անդրադարձավ նման պայմաններում նիստը շարունակելու դատարանի որոշմանը․ «Չեք ուզում Ձեր որոշումից հետ կանգնել, բայց ես գործընկերային կրկին հորդորում եմ հետ կանգնել որոշումից»։
Դատավոր Մերի Մոսինյանն անդրադառնալով դատախազի «գործընկերային հորդորին»՝ նշեց, որ հանրային մեղադրողը դատավորին հորդորելու որևէ գործառույթ կամ լիազորություն չունի․ «Վարույթի մասնակիցներին ես եմ հորդորում, որ յուրաքանչյուրդ ձեր իրավունքներից և պարտականություններից օգտվեք այնքանով, որքանով թույլատրում է Քրեական դատավարությունը»։
Այնուհետև դատավորը հայտարարեց՝ «բացակայելու արգելք» խափանման միջոցը թողնվում է անփոփոխ, քանի որ Քերոբյանը ՀՀ-ից մեկնելու ծանրակշիռ փաստեր չի ներկայացրել։ Նիստը այս հարցի քննարկման համար էր հրավիրվել, այն հայտարարվեց փակված։