Վահան Քերոբյանը 5 երեխա ունի, նրան չեն թույլատրում աշխատանք որոնել, աշխատանքի հրավերներին արձագանքել․ փաստաբան

Վահան Քերոբյանը տնային կալանքի տակ է, նա հինգ երեխա ունի, այս պահին նրան չեն թույլատրում նույնիսկ աշխատանք որոնել և իրեն արված աշխատանքի հրավերներին արձագանքել, թեև նա ոչ ցուցմունք տալուց է խուսափում, ոչ առերեսումներից է խուսափում․ այս մասին այսօր՝ մարտի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը՝ խոսելով գործի մանրամասների և իրենց կատարած դիտարկումների վերաբերյալ։

«Ըստ էության, Վահան Քերոբյանը պատճառ էլ չունի որևէ ռիսկ իր նկատմամբ կասկածելու կամ կասկած առաջացնելու»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ բողոքարկել են ընտրված խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, բայց առանձնապես մեծ հույսեր չունեն։ «Նաև միջնորդություն ենք գրել, որ այս պահին հնարավորություն ընձեռնվի այս խափանման միջոցի շրջանակներում, որ Վահան Քերոբյանը կարողանա արձագանքել իրեն արված աշխատանքի առաջարկներին և աշխատի, առնվազն ինչ-որ ժամաքանակ նրան տրամադրվի աշխատելու համար։ Բայց այդ միջնորդությունը մերժվել է»,-ասաց Տիգրան Եգորյանը։


Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, անցնելը կամ օգտագործելը կամ աղդեցություն կիրառելը խմբի կազմում՝ շահադիտական նկատառումներով և նախնական համաձայնությամբ)։

Փետրվարի 16-ին դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, որոշել է բավարարել մեղադրական կողմի միջնորդությունը և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել