ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։
«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար էին բախվել BMW X3 3.01 մակնիշի և HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով HONDA FTT 1.3 մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 7-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել էր:
BMW X3 3.01 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Վարույթի շրջանակներում ձեռնարկված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ BMW X3 3.01-ի վարորդի ինքնությունը:
Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ BMW X3 3.01 մակնիշի վարորդը, նշված ճանապարհահատվածով վարելով ավտոմեքենան, տեխնիկական տեսանկյունից թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչպես նաև՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ:
Մասնավորապես՝ չպահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, հոծ գծի առկայության պայմաններում, չի իրականացրել իր կողմից վարած տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն և հատելով հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, ինչի հետևանքով բախվել է դիմացից եկող HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենային՝ պատճառ դառնալով երեք մարդու մահվան:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ BMW X3 3.01-ի վարորդը հատել է ՀՀ սահմանը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Որոշում է կայացվել` նրան ձերբակալելու վերաբերյալ, որը հանձնարարվել է Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Նաև միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նաև BMW X3 3.01 մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ դեպքի վայրը լքելու հանգամանքները:
Ոստիկանությունից նաև առանձին հաղորդում է ստացվել այն մասին, որ վթարված BMW X3 3.01 ավտոմեքենայի ուղևորի հատվածում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող նյութ, որը, նախնական տվյալներով, պատկանել է դեպքի պահին ուղևոր հանդիսացող անձին։ Այս փաստի առթիվ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Հայտնաբերված նյութի բնույթը և քաշը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն»։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: