Հուլիսը կավարտվի ուժեղ մագնիսական փոթորիկով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Անցած գիշեր Արեգակի վրա վերջին տասներկու օրվա ընթացքում առաջին անգամ տեղի է ունեցել առավելագույն հնարավոր մակարդակի բռնկում՝ X1,5 ուժգնությամբ, որը դասվել է այս տարվա քսան ամենահզոր բռնկումների շարքին։ Իսկ մինչ այդ՝ անցած կիրակի, մեր լուսատուի վրա գրանցվել է միջին կարգի M երկու բռնկում, որոնց ուժգնությունը մոտ է առավելագույն հնարավոր մակարդակին՝ M7.7 և M 9.9։ Մի քանի չափավոր բռնկումներ են դիտվել նաև շաբաթ օրը։ Սա ցույց է տալիս Արեգակի վրա ակտիվության նոր շրջանի սկիզբը։
Նման իրավիճակում կանխատեսման մոդելներն ակնկալում են գեոմագնիսական ակտիվության աճ։ Արդեն գալիք գիշերը Երևանի ժամանակով 01:00-ին Երկրի վրա կարող է սկսվել G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ, որը կշարունակվի ամբողջ երեքշաբթի և աստիճանաբար կուժեղանա՝ կեսօրից հետո հասնելով G3 դասի առավելագույնին, որը համապատասխանում է ուժեղ մագնիսական փոթորկի։ Որից հետո երկրագնդի մագնիտոսֆերայում լարվածությունները կսկսեն թուլանալ, իսկ չորեքշաբթի մագնիսական փոթորիկը աստիճանաբար կդադարի։
Հավելենք, որ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի կայքի տվյալների համաձայն՝ վերջին անգամ Երկրի վրա նման ուժգնության և տևողության մագնիսական փոթորիկ դիտվել է ավելի քան մեկ ամիս առաջ՝ 2024 թվականի հունիսի 28-ին:
Բժիշկները զգուշացնում են,որ մագնիսական փոթորիկի օրերին եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց առողջությունը կարող է վատթարանալ։ Բժիշկները ռիսկային խմբում ընդգրկում են 50 տարեկանից բարձր հիվանդներին, ինչպես նաև սրտային հիվանդություններով, հիպերտոնիայով և շաքարախտով հիվանդներին։ Նրանց քրոնիկական հիվանդությունները կարող են սրվել, և նրանց կատարողականը կարող է վատթարանալ: Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս ավելի շատ ջուր խմել, սահմանափակել ալկոհոլի և աղի օգտագործումը և խուսափել սթրեսից, նյարդային լարվածությունից և քնի պակասից»,-նշել է նա: