Գործող Դատական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ դատական վիճակագրության հավաքագրումն ու վարումը հետապնդում է հետևյալ նպատակները՝ ապահովել դատարանների գործունեության՝ արդյունավետությունը, թափանցիկությունը և հանրության առջև հաշվետվողականությունը։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասել է «ԲԿԳ բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի փորձագետ Մարիամ Զադոյանը՝ խոսելով «Դատական վիճակագրության իրավական կառուցակարգերի, այդ թվում՝ դատարանի (դատավորի) գործունեության արդյունավետության և որակի գնահատմանն ուղղված վիճակագրական տվյալների/ցուցիչների, վիճակագրության լրացման, հավաքագրման, վարման և հրապարակման կարգերի կատարելագործում» վերլուծությամբ վեր հանված միջազգային ստանդարտների մասին։
«ՀՀ օրենսդրությամբ էֆֆեկտիվությունը, այն է՝ որպես որոշակի նպատակին հասնելու կարողությունը՝ նվազագույնի հասցնելով ռեսուրսների օգտագործումը, սահմանված չէ նպատակների շարքում, իսկ որակի հնարավոր բազմաթիվ չափորոշիչներից սահմանված են միայն երկուսը՝ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ ՀՀ-ում բացակայում է վիճակագրությունը՝ որպես դատական գործունեության կատարողականի արդյունքների գնահատման, պլանավորման և արդյունավետ և էֆֆեկտիվ կառավարման գործիք դիտարկելու տեսլականը»,-նշում է նա։
Փորձագետը նշում է, որ ՀՀ-ում դատական համակարգի կատարողականի գնահատումն իրականացվում է միայն անհատական՝ դատավորների մակարդակով, և բացակայում է՝ չափելիությունն ու գնահատումը ներպետական և դատարանների մակարդակներով։
ՀՀ օրենսդրությամբ՝ առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանի և դատավորի վերաբերյալ, ըստ դատական գործի տեսակների, հրապարակվում են հետևյալ վիճակագրական տվյալները՝
2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր քանակը.
3) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի ընդհանուր քանակը.
4) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի, ինչպես նաև սնանկության գործի շրջանակներում քննվող առանձին քաղաքացիական գործերի ընդհանուր քանակը՝ նշելով գործերի քննության ժամանակ կիրառված վարույթների (ընթացակարգերի) առանձին տեսակների և հայցային վաղեմության կիրառման դեպքերի ընդհանուր քանակները.
5) հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը.
«Արդյունքում, չի պահպանվում հետևյալ բանաձևը՝
Հաշվետու ժամանակահատվածի ավարտին անավարտ գործերի քանակ =
հաշվետու ժամանակահատվածի սկզբին անավարտ գործերի քանակ +
hաշվետու ժամանակահատվածում նոր (մուտքագրված) գործերի քանակ –
հաշվետու ժամանակահատվածում լուծված (ավարտված) գործերի քանակ։
Ինչպես նաև, չեն տրամադրում տվյալներ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ այն անավարտ գործերի քանակի վերաբերյալ, որոնք վարույթում են գտնվում 2 տարուց ավելի։ Բացի այդ, չի հավաքագրվում Սահմանադրական դատարանի դատական գործերի վիճակագրությունը»,-նշում է Մարիամ Զադոյանը։
Նրա խոսքով՝ վիճակագրության համակարգի արդիականացումը չի դիտարկվում դատարանների կատարողականի չափելիության գործիքների ներդրման համատեքստում։ Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարությունը նշյալ խնդրին անդրադարձ է կատարել «ԲԿԳ Հայաստանի 2022-2024թթ․ Գործողությունների ծրագրի «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք հանձնառության սահմանմամբ, մասնավորապես՝ հանձնառությամբ նախատեսվում է վիճակագրական ցուցիչների սահմանում/կատարելագործում, որոնք դատարանին թույլ կտան իրականացնել պարբերական վերլուծություններ: Սակայն, ինչպես փաստում են ֆոկուս-խմբային քննարկման արդյունքները, նշյալ տեսլականի իրագործման գործում առկա են մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ թվային/տեխնիկական տիրույթում․ «Ինչ վերաբերվում է դատավորների գնահատման համակարգի նոր մեթոդաբանության նախագծին, վերջինս կրկին վերաբերվում է անհատական մակարդակում դատավորների գնահատմանը»։
Մարիամ Զադոյանը գտնում է, որ դատավորների անհատական գնահատման համակարգի կատարելագործմանը միտված բարեփոխումներն անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն՝ դատական համակարգի չափելիության և գնահատման կառուցակարգերի արդիականացմանն ուղղված տեսլականի ձևավորման շրջանակներում, որտեղ վիճակագրությունը կհանդիսանա դատական գործունեության կատարողականի արդյունքների գնահատման, պլանավորման և արդյունավետ և էֆֆեկտիվ կառավարման գործիք՝ ներպետական, դատարանների և դատավորների մակարդակներում։
«Անհրաժեշտ է մշակել այս տեսլականի իրագործմանը միտված հայեցակարգ, ռազմավարություն և ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում դատական հոսքերի հավաքագրումն կիրականացվի ըստ միջազգային վերոնշյալ ստանդարտների, կհավաքագրվեն Սահմանադրական դատարանին առնչվող տվյալները, կներդրվի վիճակագրությամբ ներկայացված կատարողականի հիմնական ցուցանիշները»,-նշում է փորձագետը։
Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Գլխավոր նկարը պատրաստվել է AI-ի միջոցով։