Ինչպե՞ս է վերացվում գույքի նկատմամբ իրավունքը

Իրավունքի դադարման պետական գրանցումն իրականացվում է գրանցված իրավունքի պետական գրանցումը չեղարկելու միջոցով, գրանցման մատյանում իրավունքի դադարման վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելով:

Գույքի կամ դրա որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը համարվում է չեղարկված` այդ գույքի կամ դրա համապատասխան մասի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցում իրականացվելու պահից: Սեփականության իրավունքի գործող պետական գրանցումն առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման կարող է չեղարկվել գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա` շահագրգիռ անձի կամ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնի ներկայացմամբ:

Գույքի սեփականատեր չհանդիսացող անձի այլ գույքային իրավունքների պետական գրանցումը չեղարկելու հիմք են օրենքով նման իրավունքի դադարման համար նախատեսված հանգամանքները հաստատող փաստաթղթերը, ընդ որում՝
1) պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը` բացառությամբ հիփոթեքի պետական գրանցման, պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո չեղարկվում է պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա, եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսված է, որ տվյալ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով կողմերի պարտավորությունները դադարում են, իսկ եթե գույքային իրավունքի ձեռք բերման համար հիմք հանդիսացած պայմանագրով կամ օրենքով պայմանագրի ժամկետի ավարտով կողմերի պարտավորությունների դադարման վերաբերյալ պայման սահմանված չէ, ապա նման պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո պայմանագրի հիման վրա իրականացված իրավունքի պետական գրանցումը կարող է չեղարկվել պայմանագրի կողմերի համատեղ դիմումի, պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագրի կամ դատական ակտի հիման վրա.
2) պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը, բացառությամբ հիփոթեքի պետական գրանցման, պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում կարող է չեղարկվել՝
ա. պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագրի կամ դատական ակտի հիման վրա՝ պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումով, իսկ դատական ակտի դեպքում՝ նաև շահագրգիռ անձի կամ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնի ներկայացմամբ,
բ. պայմանագրի կողմերի համատեղ դիմումի հիման վրա.
3) օրենքի ուժով, դատական կամ այլ իրավական ակտի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը կարող է չեղարկվել նման իրավունքի դադարման համար օրենքով սահմանված հիմքերով` այդ հիմքերը հաստատող փաստաթղթերի հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել