Ուղեվարձի թանկացումը Երևանում քաղաքային իշխանությունները ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը։ Ավագանու նման որոշման նախագիծ է քննարկվելու Երևանի ավագանու հունիսի 25-ի նիստում։
Այս մասին հայտնում է Երևանի ավագանու անդամ Հովսեփ Կուբաթյանը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը ամբողջապես հնարավոր է ապահովել միայն նախատեսվող նոր 171 ավտոբուսների ձեռքբերմամբ (հիշյալ թվաքանակի փաստացի Երևան մատակարարմամբ) և միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործնականում 171 նոր ավտոբուսների նախատեսված ժամկետում մատակարարման հետ կապված առաջացել են մատակարարման ժամկետի ուշացումներ, որոնցով պայմանավորված մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը նախատեսված միասնական տոմսային համակարգի ծրագրային ամբողջական ներդրումը հնարավոր չէ ապահովել՝ Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ՝ որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանելով 2024 թվականի նոյեմբերի 1-ը», – ասված է որոշման նախագծում։