Հունիսի 10-ին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն ֆեյսբուքյան իր օգտահաշվում զետեղել էր հրապարակում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրեյ Խալիլյանի վերաբերյալ։
«Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Անդրեյ Խալիլյանի կյանքին վտանգ չի սպառնում, ներկա պահին նա դուրս է եկել հացադուլից։
Ա․ Խալիլյանի վերաբերյալ միջադեպի նախապատմությունը հետևյալն է․ Ա․ Խալիլյանը 2023 թվականի դեկտեմբերին դիմում է ներկայացրել՝ խնդրելով, որ իրեն տեղափոխեն կոնկրետ մասնաշենքի կոնկրետ խուց, ինչը բավարարվել էր։
2024թ․ մայիսի 24-ին Ա․ Խալիլյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է խցակցի հետ, որի ընթացքում ստացել է մարմնական վնասվածքներ։
Դեպքի առթիվ նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հարուցվել է քրեական վարույթ։
Սույն թվականի մայիսի 27-ին Ա․ Խալիլյանը դիմում է ներկայացրել հացադուլի մասին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է պահվել մեկուսի։ Նրան տեղափոխել են հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց։
Մայիսի 30-ին նշված խցում իրականացվել է խուզարկություն, որի արդյունքում խցում հայտնաբերվել է քաղցրավենիք։ Հիմնարկի պետի որոշմամբ հացադուլը համարվել է դադարեցված։ Սակայն նույն օրը՝ մայիսի 30-ին, Ա․ Խալիլյանը նորից հայտարարել է հացադուլ միևնույն պատճառաբանությամբ։ Նրա՝ մեկուսի պահվելու դիմումը մերժվել է օրենքով սահմանված պայմանների բացակայության պատճառաբանությամբ։
Հավելենք, որ Ա․ Խալիլյանը հունիսի 10-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ ընդհանուր հետազոտության, առողջական վիճակը գնահատվել է բավարար, որից հետո նա վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Դատապարտյալի հետ պարբերաբար տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս հունիսի 11-ին հրաժարվել է իր անօրինական պահանջից և դադարեցրել հացադուլը։ Ինչպես նախկինում, ներկայում ևս Ա․ Խալիլյանի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում»,-նշվում է քրեակատարողական ծառայության հայտարարության մեջ։