Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը արդարադատության ոլորտի բարեփոխումների, դատավորների գնահատման նոր համակարգի միջոցառումների ներկայացման քննարկմանն ասաց, որ իրենք չափազանց կարևորում են արդարադատության որակի բարձրացման հիմնահարցը․ «Դատավորների գնահատման համակարգի ներդրումը չափազանց կարևոր դերակատարություն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակի բարձրացման հարցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ դեպքերում քննադատությունը դատական իշխանությունից ոչ այնքան գալիս էր կոռուպցիոն ռիսկերից, որքան դատավորների պրոֆեսիոնալ գործունեության աստիճանից։ Չափազանց կարևոր է ունենալ պրոֆեսիոնալ դատավորներ, որոնց գործունեությունը պատշաճ եղանակով կգնահատվի»։
Վարդանյանը հավելեց, որ պրոֆեսիոնալ դատավորը անկախ դատավոր դառնալու լավագույն գրավականն է․ «Չէի ուզենա, որ այս ելույթը վերածվեր սոսկ խոսքերի, մենք պետք է խոսենք նաև իրական խնդիրների մասին և այն հարցերի վերաբերյալ, որոնք պարբերաբար բարձրացվում են թե՛ Ազգային ժողովում, թե՛ պետական այլ մարմիններում, թե՛ մեր քաղաքացիների մոտ։ Դատական իշխանությունը մշտապես բարեփոխումների կարիք է ունենում, որովհետև հասարակությունը զարգանում է, և այդ զարգացմանը զուգընթաց անհրաժեշտ են լինում բարեփոխումներ։ Հիմնական բողոքները գալիս են դատական իշխանությունից այն առումով, որ գործերի քննությունը շատ երկար է, դա պայմանավորված է դատավորների ծանրաբեռնվածությամբ, օբյեկտիվ ծանրաբեռնվածությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։