ՌԴ-ն ՀՀ-ից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին տեղեկություններից հետո․ Զախարովա

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների» մասին տեղեկությունները։ Այս մասին հրավիրված ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ավելի վաղ Երևանը հրապարակավ վստահեցնում էր, որ արևմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։

Հաշվի առնելով գործոնների համադրությունը՝ մենք ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների հստակ արձագանքը հայտնված տեղեկատվությանը»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումն ու այն տեղեկությունները, որ այդ հանդիպումների ժամանակ ռազմաքաղաքական ոլորտին առնչվող պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Զախարովան նշել է․ «Ակնկալում ենք ՀՀ իշխանությունների հստակ արձագանքը այս վկայությունների վերաբերյալ։ Չենք զարմանա, որ այդ փաստաթղթի ծրագրերը, ըստ որի՝ ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազան և ՌԴ սահմանապահները պետք է փոխարինվեն ԱՄՆ-ԵՄ-ՆԱՏՕ մասնագետներով, ԱՄՆ-ԵՄ կողմից ՀՀ սահմանին Իրանի և Ադրբեջանի դեմ հրահրիչ աշխատանքները, ՀՀ կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների ու էներգոհամակարգի վերակողմնորոշումը, դեմոնտաժելով Մեծամորի ԱԷԿ-ը, իրապես ՀՀ-ին հարկադրվում էին Վաշինգտոնի ու Բրյուսելի կողմից՝ քանդելով ՌԴ-ՀՀ կապերը թե՛ անվտանգության թե՛ տնտեսական առումներով։

Արևմտականները ցանկանում են նաև կռվեցնել հարևաններին, և Հայաստանը պետք է լինի գործիք, որով ԱՄՆ-ԵՄ-ը ցանկանում են նոր հրդեհ սկսել տարածաշրջանում։ Միամիտ է մտածել, որ Արևմուտքի քայլերը կամրապնդեն ՀՀ անվտանգությունը, տնտեսությունը, հակառակը, նրան ցանկանում են զրկել ազգայինից՝ պաշտպանությունից, տնտեսությունից, էներգետիկայից և փոխարենը տալ անիրագործելի ճանապարհային քարտեզներ ու, սեփական կոնյուկտուրային հարցերը լուծելով, սեփական խաղը խաղալով, հետո լքեն Հայաստանին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել