«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանի ձեռքերի մեջ է զոհվել նրա զինակից ընկերը, երդվել է վրեժ լուծել, թշնամու տանկ է գրավել

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Սամվել Գևորգյանն ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Հայրենիքին ծառայելու համար վերադարձել էր, պարտք ուներ, պետք է տար։

«Մնչև երկու տարեկանը շատ ծանր թոքաբորբ էր տարել, հույս չունեինք, որ Սամվելը կփրկվեր, բայց փրկվեց։ Դպրոցում շատ լավ է սովորել, որ դաս էին տալիս, տանը գիրք չէր բացում, բայց ինքը միշտ բարձր էր ստանում»,-որդու մասին պատմում է մայրը՝ Հասմիկ Գևորգյանը։

Ապագա գրոսմայստերը 2019 թվականին թողնում է իր սիրելի սպորտը՝ շախմատը, իր կյանքն ու առօրյան, և վերադառնում հայրենիք՝ ծառայության անցնելով Մատաղիսում։ Մի անգամ մորն ասել էր՝ Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է։

«Եկավ մի պահ, որ ասաց՝ ես պետք է գնամ հայրենիք՝ իմ պարտքը տալու։ Ինչքան, որ դեմ եղանք ես ու ամուսինս, միևնույն է, ինքը որոշել էր ու պետք է լիներ իր որոշումը։ Ասում էր՝ երկու տարին ի՞նչ է մամա ջան, կծառայեմ, կգամ։ Ծառայության ընթացքում մեզ ոչ մի անգամ չի անհանգստացրել, չենք էլ զգացել, թե ոնց է ինքը ծառայել։ Ավարտին մնացել էր երկու ամիս, երբ սկսվեց պատերազմը»,-ասում է մայրը։

Հասմիկ Գևորգյանը հիշում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին իր որդին զանգել է կեսօրից հետո և ուրախությամբ բղավել, որ թշնամու տանկն է գրավել․ «Վերջերս իմացա, որ տանկը մոտեցել է տղաներին ու հայերենով խոսել են ներսից, որ չխփեն։ Հրամանատարը թույլ չի տվել, որ տղաները մոտենան, ասել է՝ ես կմոտենամ, նոր դուք, բայց Սամվելը տեսել է, որ տանկի տակ Ադրբեջանի դրոշն է ու գոռացել է։ Հրամանատարը տանկից դուսր եկածին խփել է, Սամվելն էլ թռել էր տանկի վրա և օպերատորին խփել։ Հրամանատարը պատմեց, որ Սամվելի թևերի վրա իր զինակից ընկերը զոհվել է։ Սամվելն էլ երդվել է, որ վրեժ կլուծի ու այդ տանկը բերել է։ Պատմում են, որ ամենաթեժ կետերում են եղել, Սամվելն էլ բոլոր զենքերին տիրապետել է»։

Սամվելից վերջին զանգը տիկին Հասմիկը ստացել է հոկտեմբերի 6-ին։ Ասում է, որ զգում էր՝ որդուն ինչ-որ բան է պատահելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել