«Հարբած մարդկանց, հատկապես կանանց խժժոցը մինչև տուն լսվում է»․ շենքի բնակիչները բողոքում են չդադարող աղմուկից․ ոստիկանություն են ահազանգել

«Լունա» գաստրո-լաունջ-բարի գործունեությունը հարակից շենքի բնակիչներին անհանգստություն է պատճառում։ Նշված բարի դիմաց գտնվող շենքի բնակիչները դիմել են Iravaban.net-ին՝ խնդրին անդրադառնալու խնդրանքով։

Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ իրենց անհանգստացնում է գիշերային ժամերի աղմուկը։

«Պատուհանները արդեն դղրդում են ու 11-ից հետո պետք է դադարի երաժշտությունը, բայց մինչև 12-ը, 1-ը նվագում են շատ բարձր, պարում են ու հարբած մարդկանց, հատկապես կանանց խժժոցը մինչև տուն լսվում ա, դա մեզ խանգարում ա, մենք էլ հարց ենք բարձրացնում, ինչի՞ պիտի տենց լինի։ Դիմել ենք իրենց, պատասխանը ստացել ենք՝ բողոքեք, ինչ ուզում եք արեք»,-պատմում է Թորոս Մակարյանը։

Բնակիչը հավելեց, որ բացման օրվանից աղմուկը մշտապես եղել է։

Մեկ այլ բնակիչ՝ Լիլյանա Կաբալյանը հայտնեց, որ աղմուկը շատ է անհանգստացնում․ «Գիշերվա կեսին էլ էդ բասերը միացնում են բարձր, մինչև 11-ը մի կերպ դիմանում ենք, բայց դա էլ ա սխալ։ Անգամ հեռուստացույց չենք կարողանում նայել, այդքան բարձր աղմուկ է։ Մեր իրավունքները խախտվում են, մենք իրավունք ունենք հանգստանանք, մեր տանը ապրենք»։

Անահիտ Բեգլարյանը, ով նույնպես նշված շենքի բնակիչն է՝ նշեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է արգելք, համաձայն որի՝ 11-ից հետո արգելվում է աղմուկը․ «Ֆիզիկական անձանց համար նախատեսվում է նախազգուշացում, այնուհետև՝ տուգանք։  Պուշկին 40 հասցեում տեղակայված են մի շարք օբյեկտներ, որոնք աննկարագրելի աղմուկ են տարածում»։

Նա հավելեց, որ մարդիկ չեն կարողանում հանգստանալ, մինչև աղմուկը չավարտվի։ Բնակիչները խոսում է նաև այլ օբյեկտների մասին, որոնք խանգարում են նրանց․ ««Լունան» սարսափելի աղմուկ է արձակում, ռեստորանային թնդուն երաժշտություն է հնչում։ Հեռուստացույցի ձայնից բարձր է ձայնը»։

Քաղաքացիները մի քանի անգամ ոստիկանություն են ահազանգել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել