Պոլիտեխնիկական համալսարանի վճռաբեկ բողոքը բավարարվել է. դատարանը մերժել է Արամ Միքայելյանի հայցը` կայացնելով նախադեպային որոշում

Վճռաբեկ դատարանը փետրվարի 20-ին հրապարակել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի դեմ Արամ Միքայելյանի ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք՝ Արամ Միքայելյանը դիմել է առաջին ատյանի դատարան և պահանջել անվավեր ճանաչել ռեկտոր ՀԱՊՀ Գոռ Վարդանյանի՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքներում, ինչպես նաև բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 2022 թվականի հունիսի 17-ից։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ առաջին ատյանի դատարանն անվավեր էր ճանաչել ռեկտոր ՀԱՊՀ Գոռ Վարդանյանի հրամանը, պարտավորեցրել էր Արամ Միքայելյանին վճարել աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի հնգապատիկի չափով, ինչպես նաև հարկադիր պարապուրդի գումարը։ Վերաքննիչ դատարանը մերժել էր պատասխանողի վերաքննիչ բողոքը, իսկ Արամ Միքայելյանինը՝ բավարարել։ Բացի այդ, դատարանը վճիռը մասնակի՝ Արամ Միքայելյանին նախկին աշխատանքում չվերականգնելու, ինչպես նաև այդ պահանջին հաշվարկվող դատական ծախսերի մասով, բեկանել էր և գործն այդ մասով ուղարկել էր նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննության:

Այս գործով Վճռաբեկ դատարան է դիմել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Նշվում է, որ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

Դատարանը գտնել է, որ նման պայմաններում հատկապես ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձի կողմից քննադատական կամ մեղադրական դիրքորոշման արտահայտումը պետք է հնարավորինս զերծ լինի վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանություններից, ինչը բխում է ինչպես աշխատանքային հարաբերություններում գործատուի և աշխատակցի միջև առկա վարվեցողականության (լոյալության), զսպվածության, վստահության ու փոխադարձ հարգանքի պահպանման անհրաժեշտությունից, այնպես էլ ուսումնադաստիարակչական գործառույթների իրականացման հետ համատեղելի վարքագծի ապահովման հրամայականից։

Պատասխանողը պնդում է՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վճիռը բավարար չափով հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ դատարանը, մեխանիկորեն վերարտադրելով վեճի առարկա հրամանի բովանդակության մի մասը, որևէ կերպ չի անդրադարձել, գնահատել ու հստակ չի բացահայտել Արամ Միքայելյանի կողմից իրականացվող գործառույթները և դրանց ուսումնադաստիարակչական բնույթը, որն առաջնային ու էական պայմանն է դրա հետ կատարված արարքի անհամատեղելիությունը որոշելու համար։

«․․․Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել վերաքննիչ բողոքի փաստարկները՝ գործատուի բարձրագույն ուսումնական հաստատություն հանդիսանալու և սովորողների նկատմամբ որոշակի պարտականություններ կրելու վերաբերյալ, որոնք արտացոլվում են «Կրթության մասին» ՀՀ օրենքի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներում, ու սահմանափակվել է միայն գործատու և աշխատող հարաբերությունների խիստ մակերեսային արձանագրմամբ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ խոսքի ազատության իրավունքն անսահմանափակ իրավունք չէ և յուրաքանչյուր դեպքում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը պետք է գնահատվի համապատասխան աշխատանքի՝ որպես ուսումնադաստիարակչական գործառույթի իրականացման հետ համատեղելիության համատեքստում։ Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով վերաքննիչ բողոքի փաստարկները, լրիվ և ամբողջական չի հետազոտել գործով ներկայացված ապացույցներն ու չի գնահատել դրանք համակցության մեջ, ինչի արդյունքում կատարել է փաստերի և ապացույցների միակողմանի գնահատումներ, որոնց արդյունքում խախտվել է դատավարության մրցակցության ու իրավահավասարության սկզբունքները»,-նշել է պատասխանողը՝ ի սկզբանե հայտնելով, որ հայցն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման։

Նշվել է, որ Արամ Միքայելյանը համալսարանում իրականացնելով ուսումնադաստիարակչական գործառույթներ, թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարքներ, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջով և Aravot.am լրատվական կայքում պարբերաբար հանդես է եկել հիմնազուրկ և համալսարանի գործունեությունը անվանարկող, համալսարանի հեղինակությանը և գործարար համբավին վնասող հայտարարություններով:

Այս հիմքերով համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը հրաման է ստորագրել, որով Արամ Միքայելյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծվել են:

Բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի կողմից իր գործառույթների հետ անհամատեղելի այնպիսի արարքի կատարմանը, որը կարող էր հիմք հանդիսանալ աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու համար՝ զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։

Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե (…) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք։

Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով Աշխատանքային օրենսգրքի վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությանը, նշել է, որ գործատուն իրավունք ունի աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով իր նախաձեռնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետը լրանալը, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները՝

  1. աշխատողը հանդիսանում է ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ, և
    2. աշխատողը թույլ է տվել համապատասխան աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք։

Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ աշխատողի նկատմամբ գործատուի վստահության կորուստը, ըստ էության, պետք է պայմանավորված լինի ուսումնադաստիարակչական գործառույթները շարունակելու հետ անհամատեղելի արարք կատարելու փաստով: Ընդ որում, օրենսդրական կարգավորման տեսանկյունից ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու համար անհրաժեշտ նախապայման է բացառապես աշխատողի կատարած արարքի անհամատեղելիությունն իր աշխատանքի հետ, և արարքի դրսևորումն աշխատանքային կարգապահության խախտման ձևով իրավական արժևորում չունի։

«․․․Աշխատանքային հարաբերությունների կողմերն այդ հարաբերությունների ողջ ընթացքում կարող են ունենալ իրավաչափ ակնկալիք (սպասելիք), որ հարաբերության մյուս կողմը գործելու է իրավաչափ, բարեխղճորեն և ողջամտորեն՝ ձեռնարկելով բացառապես այնպիսի գործողություններ, որոնք իրավաչափ են ու ողջամիտ, չեն վնասի իր շահերը, պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին խոսք կարող է լինել այնպիսի աշխատանքների կատարման դեպքում, որոնք իրենց էությամբ հիմնված են գործատուի և աշխատողի միջև ողջամտորեն ենթադրվող հատուկ կապի ու վստահության վրա առ այն, որ աշխատողը որոշակի հանգամանքներում կդրսևորի խելամտորեն կանխատեսելի և իրավաչափ վարքագիծ, գործատուի նկատմամբ վարվեցողականություն (լոյալություն), շրջահայացություն ու բարեխղճություն՝ նպաստելով աշխատանքային հարաբերությունների կայունությանը և արդյունավետությանը։

Խոսքն աշխատանքային իրավական հարաբերությունների ծագման այնպիսի նախադրյալի մասին է, որի բացակայության պայմաններում նման աշխատանքը տվյալ աշխատողին չէր վստահվի, և որի կորստի (վերանալու) դեպքում գործատուն անվերապահորեն զրկվում է այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել աշխատանքային պայմանագիրը կնքելիս։

Աշխատողի նկատմամբ վստահության կորուստը, որն աշխատողի կողմից իր աշխատանքի հետ անհամատեղելի արարք կատարելու հետևանք է, հարկ է դիտարկել որպես հանգամանքների այնպիսի էական փոփոխություն, որը ողջամտորեն կանխատեսելու հնարավորության առկայության պարագայում կողմերի միջև կկնքվեր էականորեն տարբեր պայմաններով աշխատանքային պայմանագիր կամ ընդհանրապես այն չէր կնքվի»,-նշում է դատարանն իր որոշման մեջ։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքն ինքնին չի կարող բավարար հիմք համարվել աշխատակցի կողմից գործատուի կամ կառույցի վերաբերյալ իր կարծիքը, ներառյալ՝ քննադատական և մեղադրական կարծիքը, ազատ արտահայտելու իրավունքի սահմանափակման համար։ Միաժամանակ Եվրոպական դատարանի վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ելնելով աշխատանքային հարաբերություններում աշխատակցի կողմից վարվեցողականության (լոյալության), զսպվածության և շրջահայացության սկզբունքների պահպանման հրամայականից՝ հատկապես հանրության լայն շրջանակներում խիստ կարևորություն ու հասարակական նշանակություն ունեցող կառույցներում, ինչպիսիք են նաև կրթական հաստատությունները, ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատակցի կողմից կատարված քննադատական և մեղադրական արտահայտությունները, չպետք է լինեն այն աստիճանի ու չպետք է կրեն արտահայտման այնպիսի ձև, որն ուղղակիորեն կհանգեցնի տվյալ կառույցի, նրա կառավարման մարմինների, ինչպես նաև այդ հաստատությունում աշխատող այլ անձանց, շրջանավարտների և սովորողների հեղինակության, պատվի, արժանապատվության ու բարի համբավի նսեմացմանը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքն ինքնին չի կարող բավարար հիմք համարվել աշխատակցի կողմից գործատուի կամ կառույցի վերաբերյալ իր կարծիքը, ներառյալ՝ քննադատական և մեղադրական կարծիքը, ազատ արտահայտելու իրավունքի սահմանափակման համար։ Միաժամանակ Եվրոպական դատարանի վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ելնելով աշխատանքային հարաբերություններում աշխատակցի կողմից վարվեցողականության (լոյալության), զսպվածության և շրջահայացության սկզբունքների պահպանման հրամայականից՝ հատկապես հանրության լայն շրջանակներում խիստ կարևորություն ու հասարակական նշանակություն ունեցող կառույցներում, ինչպիսիք են նաև կրթական հաստատությունները, ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատակցի կողմից կատարված քննադատական և մեղադրական արտահայտությունները, չպետք է լինեն այն աստիճանի ու չպետք է կրեն արտահայտման այնպիսի ձև, որն ուղղակիորեն կհանգեցնի տվյալ կառույցի, նրա կառավարման մարմինների, ինչպես նաև այդ հաստատությունում աշխատող այլ անձանց, շրջանավարտների և սովորողների հեղինակության, պատվի, արժանապատվության ու բարի համբավի նսեմացմանը։

Վճռաբեկ դատարանը, վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, արձանագրել է, որ գործի նյութերով հաստատվել է Արամ Միքայելյանի կողմից և՛ հրապարակայնորեն, և՛ հիմնադրամի աշխատակիցների ու ուսանողության շրջանում բուհի կառավարման, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական կառույցների վերաբերյալ քննադատական դատողություններ հնչեցնելու փաստը, որոնք հաճախ զուգակցվել են վիրավորական և ենթադրյալ զրպարտչական արտահայտություններով ու կրել են պարբերական բնույթ։

«․․․Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նմանօրինակ արտահայտման ձևն իրական վնաս է հասցնում տվյալ բուհի հեղինակությանը, այնտեղ գիտամանկավարժական գործունեություն ծավալող դասախոսների և կրթություն ստացող ուսանողների ու շրջանավարտների պատվին, արժանապատվությանը և բարի համբավին։

Նման մեկնաբանությունները հասարակության շրջանակում կարող են ձևավորել թյուր կարծիք կրթական հաստատության դերի, հետապնդող նպատակների և ազդեցության վերաբերյալ՝ հատկապես այդ հաստատության աշխատակցի կողմից իրականացվելու դեպքում»,-արձանագրել է դատարանը։

Վճռաբեկ դատարանն նշել է, որ ակնհայտ է՝ Արամ Միքայելյանի կողմից հիմնադրամի ռեկտորի, մի շարք աշխատակիցների, ինչպես նաև ուսանողական կառույցների վերաբերյալ արտահայտված մեղադրական ու վիրավորական դիրքորոշումները կրել են արտահայտման այնպիսի ձև, որն օբյեկտիվորեն կարող է ազդել ինչպես հիմնադրամի, այնպես էլ վերջինիս հետ փոխկապակցված այլ անձանց և կառույցների հեղինակության վրա։

Բացի այդ, դատարանը գտել է, որ Արամ Միքայելյանի կողմից արված արտահայտությունների և վիրավորանքների զգալի մասն ուղղված են եղել հենց հիմնադրամի ռեկտորին՝ Գոռ Վարդանյանին, ու վերջինիս «աջակիցներին»․ «․․․Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում և մամուլում արված հրապարակումների բովանդակային հետազոտումն ու գնահատումը ցույց է տալիս, որ Գոռ Վարդանյանի՝ ռեկտորի պաշտոնին նշանակվելու հանգամանքն ինքնին Արամ Միքայելյանի կողմից ընդունելի չի եղել, և առաջացրել է վերջինիս դժգոհությունը»։

Այսպիսով, պատասխանողի վճռաբեկ բողոքը բավարարվել է։ Բեկանվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, Արամ Միքայելյանի հայցը մերժվել է։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել