Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 7-ին, ժամը 08։33-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի առաջին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ գազատար ավտոմեքենան շրջվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին «Iveco» մակնիշի ավտոցիստեռնը՝ բեռնված 20 տոննա հեղուկ գազով (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1972 թ.) կողաշրջվել է, գազի արտահոսք չկա. մեքենայի բաքից առկա է դիզելային վառելիքի արտահոսք:
Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, մեքենայի խցիկից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, որոնք արձանագրել են վարորդի մահը:
ՆԳՆ ՓԾ տեղեկացմամբ՝ փրկարարները կատարել են ցիստեռնի հովացման և ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. անվտանգության նկատառումներից ելնելով տեղում իրականացվում է հերթապահություն:


