Սերժանտը ստիպել է զինվորներին մերկանալ, ջուր է լցրել նրանց վրա, հասցրել սեռական բնույթի հայհոյանքներ․ գործը դատարանում է

Կոչումով կրտսեր սերժանտ Ժ․Ն․-ին մեղադրանք է առաջադրվել՝ զինվորական ծառայության մեջ գտնվելով՝  2023 թվականի սեպտեմբերի 12-ին՝ սուրճ դնելու մասին իրեն խաբելու համար պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա․Մ․-ին և Ա․Հ․-ին վիրավորանք հասցնելու և նրանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նույն դիրքում հերթափոխում քնելու համար Ժ․Ն․-ն վիճաբանել է շարքայինի հետ, որի ընթացքում բազմաթիվ վնասներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Նշված է, որ ամբաստանյալի հանցավոր արարքները կանխելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել ինչպես մարտական դիրքում գտնվող պարտադիր ժամկետային, այնպես էլ սպայական կազմի զինծառայողները։ Ավելին, դատական նիստի ժամանակ Ժ․Ն․-ի կողմից արված հայտարարության համաձայն՝ կապիտան Ն․Հ․-ն, ներկա լինելով իր կողմից կատարվող գործողություններին, որևէ կերպ չի միջամտել և չի փորձել կանխել դրանք։

Արարքները կատարելուց հետո՝ մեղադրյալ Ժ․Ն․-ն միջոցներ է ձեռնարկել տեղի ունեցածի բացահայտումը կանխելու ուղղությամբ, մասնավորապես՝  սերժանտը սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել վարույթով տուժող Ա․Հ․-ի և Ա․Մ․-ի հասցեին, ապա ստիպել է վերջիններիս հանել համազգեստը ու մերկանալ, որից հետո կացարանում ջուր է լցրել Ա․Հ․-ի վրա, իսկ Ա․Մ․-ին  մերկացնելուց, 5 լիտրանոց տարայով ջուրը իր վրա լցնելուց և կիսամերկ ու թրջված մոտ 30 րոպե որպես դիտորդ կանգնեցնելուց հետո՝ Ժ․ Ն․-ն իր ձեռքից վերցրել է իրեն պատկանող բջջային հեռախոսը, որպեսզի տուժողը կատարվածի մասին չկարողանա որևէ մեկին տեղեկացնել։

Բացի այդ՝ մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ժ․ Ն․-ն, հանդիսանալով պետ, 2023 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ՝ արթուն հերթափոխում քնելու համար, նույն մարտական դիրքի կացարանում վիճաբանության մեջ է մտել շարքային Ա․ Մ․-ի հետ, որի ընթացքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, համաձայն որոնց պարտավոր լինելով բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, պահպանել զինվորական հարգանքի և վարքի կանոնները, հարգանք տածել զինծառայողների նկատմամբ, բռնություն գործադրելով իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Ա․Մ․-ի նկատմամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի պարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև թքելով նրա վրա ու Ա․ Մ․-ին անվանելով «Սրբապիղծ չ․․․», նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը»:

Մեղադրյալը հայտնել է, որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է իր կատարած արարքի համար, ամբողջությամբ գիտակցել է իր կողմից թույլ տված արարքի սխալ լինելը, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է դրա հետևանքները:

Նախագահող դատավորը Արամ Մարտիրոսյանն էր։ Նշված գործով դատավճիռը հրապարակվել է 2023-ի նոյեմբերի 2-ին, սակայն դրա վերաբերյալ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։ Ապրիլի 11-ին է նշված գործով հերթական դատական նիստը։

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ժ․Ն․-ին մեղավոր է ճանաչել բոլոր հոդվածներով և դատապարտել 1 տարի 13 օր ժամկետով ազատազրկման, սակայն այն պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 4 տարի ժամկետով՝ նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով իրավասու մարմինների վրա:

Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը։

Դատավճռի վերաբերյալ բողոքը Վերաքննիչ դատարան է ստացվել 2023 թվականի նոյեմբերի 22-ին, այն ներկայացրել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Արկադի Մկրտչյանը։

Նախագահող դատավորներն են Մարինե Մելքոնյանը, Արմեն Բեկթաշյանը և Աննա Մաթևոսյանը։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել