«Իմ անկախությանը որևէ վտանգ, որևէ ազդեցություն չեմ զգացել»․ Նորա Կարապետյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածու Նորա Կարապետյանը հարցազրույցի փուլի ժամանակ նշեց, որ 12 տարի է՝ աշխատում է դատական համակարգում։ Հարցին՝ դատավորը ՀՀ-ում անկախ է, թե ոչ, և որոնք են այն գործոնները, որոնք ազդում են դատավորի՝ որպես անկախ ինստիտուտի վրա, որոնք պետք է չլինեն, պատասխանեց՝ նշանակման օրից մինչև այսօր որևէ ձևով իր անկախությանը վտանգ, ազդեցություն չի զգացել։

Նրա խոսքով՝ հասարակությունը իր անձի հետ կապված նույն համոզմունքն ունի, այդ իմաստով՝ իր համար ամենակարևորը անձնական հատկանիշներն են, և այն պարագայում, երբ դատավորն անկախ է ներքուստ, որևէ գործոն ՀՀ-ում չի խոչընդոտում, որ դատավորն անկախ աշխատի։

Անձնական հատկանիշների, մասնագիտական հատկանիշների վերաբերյալ հարցին ի պատասխան նա ասաց, որ դատավորների թեկնածուներին դասավանդելու ընթացքում միշտ այդ հարցը քննարկման առարկա է դառնում, քանի որ իր համար դատավորի աշխատանքով ամենասկզբունքային հարցն այն է, թե ինչի համար է մարդը դառնում դատավոր։

«Ինչքան մարդը պրոֆեսիոնալ է, այնքան ինքն անկախ է։ Շատ կարևոր է՝ դատավորը հասկանա, որ իր աշխատանքը ոչ միայն աշխատասենյակում կատարվող աշխատանքն է, այլև այդ աշխատանքը պիտի տեսանելի լինի, այսինքն՝ այդ աշխատանքն ու անկախությունը պետք է երևա այն անձանց համար, ովքեր մասնակցում են գործի վարույթին»,-նշեց Կարապետյանը։

Նրա պնդմամբ՝ եթե դատավորը կարողանում է այնպիսի դատական ակտ ներկայացնել, որը փաստաբանի համար շատ դժվար է բողոքարկել, դա անկախության, անկողմնակալության, պրոֆեսիոնալիզմի բարձր ցուցանիշ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել