Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մարտի 28-ին, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ տեղի ունեցավ հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նրա նախկին կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, Գևորգ Կոստանյանի համակուրսեցու՝ Արման Գալստյանի, վերջինիս կնոջ՝ Թերեզա Գևորգյանի և նախկին Գլխավոր գլխավոր դատախազի եղբորորդու՝ Արա Կոստանյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատավորը հայտնեց, որ նիստի շրջանակներում պետք է պատասխանող կողմը հնչեցին հայցադիմումի վերաբերյալ իր հարցերը, իսկ հայցվորը պատասխանի դրանց։ Վարազդատ Ասատրյանը նշեց, որ ունի միջնորդություններ, բայց դրանք հետո կներկայացնի։ Նա խնդրեց՝ հնարավորության դեպքում տրամադրել նաև պատասխանների գրավոր տարբերակը։
Պատասխանների գրավոր ձևաչափի վերաբերյալ դատախազն ասաց, որ իրավասու մարմինը նպատակահարմար չի գտնում պատասխանները գրավոր կարգով ներկայացնել կողմերին, ինչպես նաև դատարանին։
Կողմերն անցան հարցուպատասխանի փուլին։ Վարազդատ Ասատրյանը հետաքրքրվեց՝ իրենց ձեռքի տակ եղած նյութերից բացի կա՞ն այլ նյութեր, որոնք ունի իրավասու մարմինը, սակայն դրանք չեն տրվել դատավարության կողմերին։
Դատախազը նշեց, որ պատասխանողներին, հայցադիմում ներկայացնելու պահին նրանց ներկայացուցիչներին տրամադրվել են հայացադիմումին կից ներկայացված բոլոր փաստաթղթերը տրամադրվել են կողմերին էլեկտրոնային տարբերակով։
Ասատրյանի խոսքով՝ Գևորգ Կոստանյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի վերաբերյալ տեղեկությունները, որոնք լազերային սկավառակում են, չեն տրամադրվել փաստաբանին, ո՞րն է պատճառը։
Դատախազը պատասխանեց․ «Ինչպես այդ, այնպես էլ իրավասու մարմնի հարցումներին ի պատասխան ստացված այլ գրությունների կից տրված լազերային սկավառակների բովանդակությունը զետեղվել է մեկում և տրամադրվել է պատասխանողներին, բայց նույնիսկ այն պարագայում, երբ բացառենք, որ Ձեզ որևէ նյութ տրամադրվել է իրավասու մարմնի կողմից, Դուք այս գործով առաջին դատական նիստը հետաձգել եք հենց դատարանում գտնվող նյութերը ստանալու և ծանոթանալու հիմքով, հետևաբար ապահովվել է այս գործերին ծանոթանալու իրավունքի իրացումը»։
Նա հավելեց, որ ոչ միայն այդ սկավառակը, այլև ՃՈ, Կադաստրի կոմիտե ուղարկված հարցումների պատասխաններին կցված լազերային սկավառակները առանձին չեն ուղարկվել, դրանց բովանդակությունը զետեղվել է մեկ լազերային սկավառակի մեջ․ չկա բովանդակային տարբերություն։
Հաջորդ հարցը վերաբերում էր դատախազ Դավթյանի գրությանը, որն ուղղվել է վարչության պետին։ Այնտեղ նշվել է, որ դատախազը խնդրում է գործը փոխանցել այլ դատախազի՝ կցելով համապատասխան նյութերը։ Պաշտպանը խնդրեց՝ հայտնել՝ ինչ նյութերի մասին է խոսքը։ Դատախազը պատասխանեց, որ մինչ այդ ամսաթիվը գործի նյութերում առկա թվագրված բոլոր նյութերի, փաստաթղթերի մասին։
-Նույն դատախազի 2020-ի հոկտեմբերի 8-ի գրությամբ՝ ուղղված Գալյանին, առկա է մեկ այլ ստորագրություն․ խնդրում եմ պարզաբանել՝ ում կողմից է կատարվել և երբ։
-Համաձայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ուսումնասիրություն սկսելու որոշումը կայացման օրից անհապաղ ուղարկվում է Գլխավոր դատախազի տեղակալին, հետևաբար ստորագրությունը գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանինն է։
-Սկավառակում, որը ներկայացվել է մեզ առկա են թվով 12 անձանց բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, խնդրեմ հայտնել արդյոք այդ անձինք սահմանված կարգով տեղեկացվա՞ծ են, որ այս վարույթի շրջանակներում իրենց տվյալները ուսումնասիրվել են իրավասու մարմնի կողմից։
-11 ֆիզիկական անձանց և 4 իրավաբանական անձանց գաղտնիք կազմող տեղեկություններ են ձեռք բերվել, օրենքի համաձայն՝ շահագրգիռ անձ է համարվում այն անձը, որի իրավունքների և պարտականությունների վրա առերևույթ կարող է ազդել գույքի բռնագանձումը, համապատասխանաբար այն անձինք, որոնք չեն ծանուցվել, շահագրգիռ անձ չեն դիտարկվել, հետևաբար՝ չեն տեղեկացվել։
Հարցումների, կողմերին տրամադրված նյութերի վերաբերյալ Վարազդատ Ասատրյանը նշեց, որ իր առաջին հարցում նա ընդգծել էր, թե ներկայացված նյութերից զատ կան այլ նյութեր, որոնք չեն տրամադրվել պատասխանող կողմին, հնչեց՝ ոչ։
-Ի՞նչ է ստացվում, կան ուղղակի չեն տրամադրվել, թե՞․․։
-Դրանք հայցադիմումի հիմքում ընկած..։
-Հայցադիմումը թողեք մի կողմ, միայն հայցադիմումը չի քննարկվում, հայցադիմումի հիմքում Ձեր ուսումնասիրությունն է, այդ գործողություններին ոչ ոք չի կարող գնահատական տալ բացի դատարանից։
-Մենք նախնական ամփոփման փուլում այդ նյութերը տրամադրել ենք։
-Նախնական ամփոփման փուլում տրամադրված նյութերից զատ այլ նյութեր կա՞ն, որ մասնակիցներին չեն տրամադրվել։
-Ոչ, պատասխանողներին տրամադրվել են բոլոր նյութերը։
Հարցուպատասխանի ժամանակ միմյանց դիրքորոշումները հայտնելու ընթացքում Վարազդատ Ասատրյանը դատախազին կրկին ասաց, որ եթե կա գրավոր պատասխանների տարբերակը, կարող են տրամադրել դատարանին, և պատասխանող կողմն էլ կծանոթանա։
Նա ասաց․ «Այնպես չէ, որ հաճելի է անընդհատ բանավիճելը, մենք, եթե ընտրենք այդ ձևաչափը դրանով առաջ գնանք, արդյո՞ք այդպես ավելի արդյունավետ չէ»։
Դատավորը արձագանքեց․ «Դրա համար մի վերածեք բանավեճի․ հարց-պատասխան-հայտարարություն, ձևաչափը դա է»։
Դատախազը նշեց, որ այս դատական նիստի շրջանակներում Ծաղկաձորում գտնվող գույքի իրավական գնահատականը իրավասու մարմնի կողմից ներկայումս քննարկման փուլում է գտնվում, և համապատասխան վերջնական, իրավական գնահատականը, երբ կորոշվի, այդ պահին իրավասու մարմինը նպատակահարմար կգտնի առհասարակ այդ անշարժ գույքին վերաբերող բոլոր հարցերին պատասխանելը։
Դատավորի հարցին, թե ինչու վերջնական չէ այս մենատան վերաբերյալ պատասխանը, հանրային մեղադրողը նշեց, որ Արա Կոստանյանի ներկայացուցիչ Իլոնա Միրզոյանն իր՝ արձակուրդում գտնվելու ընթացքում է ներկայացրել համապատասխան ապացույցը, և դեռևս այն վերադասության կարգով պետք է քննարկվի։
Վարազդատ Ասատրյանի հաջորդ հարցը հետևյալն էր՝ փորձագետ ներգրավվելու որոշման վերաբերյալ իրավասու մարմինը զգուշացրե՞լ է արդյոք փորձագետին քրեական պատասխանատվության մասին, թե՞ ոչ, և ի՞նչ եղանակով է իրականացվել։
Դատախազը նշեց, որ Քրեական օրենսգրքով ամրագրված ուսումնասիրության գաղտնիության պահպանման պարտականության մասին, իսկ կից եզրակացություն տալու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացվում է դատարանում, և միայն դրանից է հետո է այն ունենում ապացուցողական նշանակություն։ Զգուշացման վերաբերյալ համապատասխան արձանագրություն է կազմվել։
Հաջորդաբար քննվեցին պատասխանող կողմի ներակայացված հարցերը, Նելլի Տեր-Թորոսյանը պատասխանեց Վարազդատ Ասատրյանի հարցերին, միաժամանակ հնչեցին առարկություններ պատասխանների, դիրքորոշումների վերաբերյալ։
Մարիամ Շահնազարյան
Նյութում առկա լուսանկարներն արվել են այլ դատական նիստերի ժամանակ։