Նռնակով զինված տղամարդը շարունակում է մնալ Նոր Նորքի ոստիկանության շենքի դիմաց, հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով ՝ այսօր ժամը 17:00-ի սահմաններում երեք զինված տղամարդիկ Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժման փորձ են կատարել, նռնակ է կիրառվել, նրանցից երկուսը վիրավորվել են: Ոստիկանության աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։
Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ու քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը բանակցում են նռնակով զինված տղամարդու հետ։
Սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե զինված հարձակում գործողները «Մարտական եղբայրության» անդամներն են, պահանջում են ազատ արձակել իրենց թիմակիցներին՝ Նարեկ Սարգսյանը չմեկնաբանեց։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ՝ «Մարտական եղբայրության» բերման ենթարկված բոլոր անդամներն ազատ են արձակվել։
Ավելի վաղ կազմակերպությունը հայտարարություն է հրապարակել և հերքել տարածված տեղեկությունը։
«Լկտի անբարոյական սուտ է, որ «Մարտական եղբայրությունը» որևէ կապ ունի Երևանում պայթյունների հետ։
Որևէ նման գործողություն արմատապես հակասում է մեր արժեհամակարգին։ Մեր բոլոր անդամներն այս պահին ազատության մեջ են»,-նշել էր քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը։