Հենց նոր ԱԺ ընդհանուր բաժին հանձնեցի Հատուկ քննչական ծառայության պետին ուղղված հետևյալ գրությունը:
«Սույն թվականի նոյեմբերի 6-ին այցելել եմ ՀՀ ոստիկանության Ձերբակալվածների պահման վայր և հանդիպում ունեցել նոյեմբերի 5-նի Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ: Նրանցից` Շանթ Հարությունյանն ինձ հետ զրույցում հայտարարեց, որ նոյեմբերի 5- երեկոյան իր նկատմամբ բռնություն են կիրառել անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Ըստ Շանթ Հարությունյանի, վերջինս սպառնալիքներ է հնչեցրել իր որդու հասցեին և սեռական բնույթ նվաստացուցյիչ հայհոյանքներ տվել և այդ ընթացքում մի խումբ ոստիկաններ իր ձեռքերը բռնած են եղել:
Անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը»:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանից ակնկալում է հայտարարությունները օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առնել և արդյունքների մասին տեղեկացնել:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից