2024 թվականի մարտի 14-ին ուժի մեջ է մտել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքը։ Այս մասին հայտնում են «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամից։
Փետրվարի 7-ին Ազգային ժողովում ընդունված փաթեթն առավելապես ուղղված է լուծելու քաղաքացիական դատավարության ընթացքում գործնականում առաջացող մի շարք խնդիրներ և նպաստել դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը:
Այսպես․
– Նախկին կարգավորումների համաձայն անձը դատարանի կողմից ծանուցվելով այնպիսի գործի վերաբերյալ, որով հետագայում կայացվելիք դատական ակտը կարող է շոշափել իր իրավունքները և պարտականությունները, չուներ հնարավորություն նախապես ծանոթանալու գործի նյութերին՝ հասկանալու համար, թե կան արդյոք գործի քննությանը ներգրավելու հիմքեր, թե ոչ: Այժմ սահմանվել է հնարավորություն, որը թույլ է տալիս դատարանի կողմից ծանուցված անձին, ում իրավունքների և պարտականությունների վրա կարող է անխուսափելիորեն ազդել դատական ակտը մինչև գործին մասնակցող անձ ներգրավվելը ծանոթանալ գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, պատճեններ:
– Տեխնիկական բնույթի թերությունների դեպքում Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների գրասենյակները հնարավորություն կունենան տեղեկացնել բողոք բերող անձին բողոքում առկա թերությունների մասին՝ առաջարկելով մինչև եռօրյա ժամկետում վերացնել դրանք:
– Վերանայվել է նաև դատարանների միջև ենթակայության մասին վեճերի լուծման կարգը, սահմանելով, որ վարչական և հակակոռուպցիոն գործերով ենթակայության վերաբերյալ վեճերը Վճռաբեկ դատարանի նախագահը ոչ թե միանձնյա լուծի, այլ որոշումները կայացվեն Վճռաբեկ դատարանի և նույն դատարանի բոլոր պալատների նախագահների մասնակցությամբ:
– Հստակեցվել են ակնհայտ անհիմն հայցերի չափանիշները, մասնավորապես` եթե հայցը ակնհայտորեն ոչ իրավաչափ է կամ ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխանողի դեմ: Այս դեպքում դատարանը կարող է կիրառել արագացված դատաքննություն և առանց նիստ հրավիրելու արագ մերժել հայցը:
– Վճռաբեկ դատարանում քվորումի հարցը լուծելու համար սահմանվել է, որ Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, վճռաբեկ բողոքը վերադարձնելու, վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հարցը լուծվում է ոչ թե ամբողջ պալատի դատավորների, այլ նիստին ներկա ձայների մեծամասնությամբ: