Հայաստանում դատավորի աշխատանքն այլևս գրավիչ չէ․ պատճառների մասին խոսել են դատավորը, իրավապաշտպանը և ուսանողը

2020 թվականի մարտին խորհրդարանն ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը, որով դատավորի թեկնածուի հավակնորդի տարիքային շեմը 28-ից իջեցվեց 25-ի, վերանայվեց նաև դատավորի թեկնածուների հավակնորդերին և առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում իրավաբան գիտնականների ընդգրկման պայմանները։

Արդարադատության նախարարության կողմից մշակված նախագծերի փաթեթում նշված է, որ այս փոփոխությունը թույլ կտա համակարգ ներգրավել երիտասարդ, կասկածելի կամ վարկաբեկող կապեր չունեցող, համակարգի այլ ներկայացուցիչների հետ կախվածության կամ կապվածության մեջ չգտնվող անձանց․

«․․․Արհեստավարժությունը ուղղակիորեն կախված չէ տարիքից, այն պայմանավորված է մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմամբ, իրավագիտության բնագավառում ժամանակակից զարգացումների և առաջադեմ միջազգային փորձի յուրացմամբ և այլն»:

Դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար պահանջվող առնվազն 5 տարվա աշխատանքային փորձը փոխարինվել է 3 տարվա պահանջով:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններում դատավոր նշանակվելու համար թեկնածուների ցուցակում իրավաբան գիտնականների ընդգրկվելու համար սահմանված պահանջներին, ապա Վերաքննիչ դատարանի համար սահմանված վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարվա փորձառությունը փոխարինվել է վերջին 8 տարիների ընթացքում առնվազն 6 տարվա փորձով, իսկ Վճռաբեկ դատարանի դեպքում՝ սահմանվել է իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձի ընդգրկվելու պայմաններ:

Այս փոփոխությունը մասնագիտական շրջանակներում հակասական արձագանքներ է ունեցել։ Iravaban.net-ը ուսումնասիրել է դատավորի թեկնածուի հավակնորդի տարիքային շեմի վերաբերյալ միջազգային փորձը։

Միջազգային փորձը

Կան երկրներ, որտեղ սահմանված է դատավորի թափուր հաստիքը լրացնել ցանկացողների ավելի բարձր տարիքային շեմ, քան մեր երկրում է, և հակառակ սրան՝ դատավոր նշանակվելու կամ այդ նպատակով ուսուցում անցնելու ցածր տարիքային շեմ է նախատեսվում մի շարք երկրներում, իսկ որոշ երկրներում ընդհանրապես նման շեմ նախատեսված չէ:

Վենետիկի հանձնաժողովը, քննարկելով դատավորների թեկնածուների նվազագույն տարիքային շեմին վերաբերող հարցը, շեշտել է, որ եվրոպական չափանիշները վերաբերում են արժանիքների վրա հիմնված և խտրականությունը բացառող ընտրությանը և չեն նախատեսում տարիքի վերաբերյալ համընդհանուր չափանիշ:

Հարևան Վրաստանում դատավոր կարող է դառնալ 30 տարին լրացած Վրաստանի քաղաքացին, ով ունի բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ։

Տարածաշրջանի երկրներից Ադրբեջանում 30 տարեկանը նվազագույն շեմն է դատավորի թափուր հաստիքին հավակնելու համար։ Անհրաժեշտ է նաև ոչ պակաս, քան 5 տարվա աշխատանքային փորձ։

Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, դատավոր կարող է դառնալ 25 տարին լրացած անձը, ով ունի համապատասխան կրթություն և  առնվազն 5 տարվա փորձ իրավագիտության ոլորտում։

Գերմանիան դատավորների պատրաստման շատ լուրջ և խիստ համակարգ ունի։

Յուրաքանչյուր ոք, ով առնվազն 40 տարեկան է և իրավասու է զբաղեցնելու դատավորի պաշտոն՝ կարող է ընտրվել։ Դատավորի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 12 տարի պաշտոնավարելուց կամ 68 տարին լրանալուց հետո: Անկախությունն ապահովելու նպատակով դատավորները չեն կարող վերընտրվել պաշտոնում։

Մեծ Բրիտանիայում դատավորի պաշտոնը զբաղեցնելու համար պետք է որակավորված իրավաբան դառնալուց հետո առնվազն 5-7 տարվա աշխատանքային փորձ ունենալ։ Ապագա դատավորը նախ պետք է աշխատի որպես դատավորի օգնական, որպեսզի իմանա դատարանի աշխատանքի առանձնահատկությունները և փորձ ձեռք բերի։ Դրանից հետո նա անցնում է համալիր թեստավորում, որի արդյունքներով է որոշվում պիտանիությունն ու պատրաստվածությունը դատական աշխատանքին։ Նորանշանակ դատավորի համար նախատեսված է նաև որոշակի փորձաշրջան, որը չի գերազանցում 5 տարին։

Չինաստանում 2019 թվականին «Դատավորների մասին» փոփոխված օրենքը վերացրեց դատավորների նվազագույն տարիքային շեմը, որը նախկինում 23 էր։ Փոխարենը բարձրացվեցին դատավորների մասնագիտական շեմերը՝ կապված նրանց կրթության մակարդակի և իրավաբանական փորձաշրջանի ժամանակահատվածի հետ։ Ըստ Չինաստանի համապատասխան ոլորտի կրթության՝ նման շեմի հասնելու համար սովորաբար երկար ժամանակ է պահանջվում՝ մինչև 27 տարեկան։

Նարինե Հովակիմյան

Թեմայի շուրջ Iravaban.net-ը խոսել է  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի հետ:

Հայաստանում տարիքային շեմի նվազեցման պատճառներից մեկը դատավոր դառնալ ցանկացողների փոքր թիվն է։ Մեր հարցին՝ թե ինչու՞ այսօր դատավորի աշխատանքը գրավիչ չէ երիտասարդ իրավաբանների համար, Հովակիմյանը պատասխանեց, որ այս աշխատանքի համար պահանջվող  պատասխանատվության բարձր զգացումը հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել. «Այս աշխատանքը պահանջում է շատ ավելի մեծ պատասխանատվություն, քան այս ոլորտին առնչվող մնացած մասնագիտությունները: Ինչպես նաև՝ դատավորները ավելի շատ են գտնվում տարբեր մարմինների ուշադրության կենտրոնում: Աշխատավարձի՝ ոչ այնքան բարձր լինելը ևս խնդրահարույց է: Նաև դատավորները չունեն ընտրության հնարավորություն, թե կոնկրետ ո՞ր գործը քննեն, զբաղվում են այն գործով, որը մակագրել է համակարգիչը: Սրանք են հնարավոր պատճառները»։

Մեր հարցին, թե դատավորը ինչպե՞ս է գնահատում տարիքային շեմի իջեցումը, Հովակիմյանը նշեց, որ դրականը, քանի որ սերնդափոխություն է տեղի ունենում։

«Սերնդափոխությանը վերաբերվում եմ դրական, և դա անհրաժեշտություն է, սակայն շեմի իջեցումը ընդհանուր առմամբ՝ համարում եմ սխալ։ Դատավորը՝ իրավաբանության ոլորտում այն պաշտոնն ու բարձրակետն է, որին պետք է ձգտեն հասնել իրավաբանները։ Կարող եմ նշել ԱՄՆ-ի օրինակը, որտեղ այս աշխատանքի համար տարիքային շեմ սահմանված չէ։ Գործուղումներիցս մեկի ժամանակ՝ ԱՄՆ-ում, գործող դատավորներից մեկը զարմացավ՝ լսելով, որ մեր երկրում տարիքային շեմը ցածր է։ Նա ասաց, որ այնտեղ,  թեև նվազագույն շեմ օրենքով սահմանված չէ, բայց յուրաքանչյուր իրավաբան մինչ 40 տարեկանը, անգամ չի մտածում ու չի հավակնում դատավոր դառնալ։

Դատավորի պաշտոնի համար դիմելուց առաջ՝ երիտասարդները նախ 10-15 տարի զբաղվում են փաստաբանությամբ, որոշ ժամանակ կատարում են հանրային պաշտպանի աշխատանք, հետո միայն հավակնում են դատավորի պաշտոնին՝ համարելով այն բարձրակետ»։

Հովակիմյանը նշեց նաև, որ սխալ է համարում այն, որ  առանց առաջին ատյանի դատարանում աշխատելու՝ հնարավոր է միանգամից աշխատել Վերաքննիչ դատարանում, քանի որ միայն առաջին ատյանում աշխատելով է հնարավոր հասկանալ՝ թե վերադաս ատյանում ինչպես է պետք աշխատել։

Շարունակելով խոսել աշխատանքի գրավչությանը խոչընդոտող գործոններից՝ դատավորը հավելեց նաև, որ սուր քննադատությունները, հանրային՝ երբեմն սխալ ընկալումները, խիստ կանոնակարգված վարքագծի կանոնները ևս երիտասարդ իրավաբաններին խանգարում են զբաղեցնել դատավորի պաշտոնը:

Ռուբեն Մելիքյան

Թեմայի վերաբերյալ Iravaban.net-ը խոսել է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։ Նա նշեց, որ ի սկզբանե դեմ է եղել տարիքային շեմի նվազեցմանը. «Դատավոր լինելու համար անհրաժեշտ է կյանքի փորձ, և այսօր նախատեսված տարիքային շեմը ցածր է։ Ինքս՝ 26-27 տարեկանում Վճռաբեկ դատարանում աշխատելիս՝ ստանում էի առաջարկներ՝ դատավորի աշխատանքի համար դիմելու, բայց պատասխանս այն էր, որ մինչև 30 տարեկան՝ որևէ մեկը իրավունք չունի դատավոր լինել»։

Խոսելով աշխատանքի՝ ցածր պահանջարկ ունենալու մասին՝ իրավապաշտպանը հավելեց, որ դատավորները ապահովագրված չեն իրենց վարույթում գտնվող գործերին միջամտություններից, որոնք կարող են լինել ինչպես օրենսդիրի, այնպես էլ գործադիրի կողմից․ «Սա չի վերաբերվում բոլոր դատավորներին և բոլոր գործերին, բայց ոչ մի դատավոր ապահովագրված չէ այդ միջամտություններից։ Այս պայմաններում ինչո՞ւ պիտի գրավիչ լինի մի աշխատանք, որտեղ մարդը չի կարող լինել իր սահմանադրական գործառույթի տերը»։

Հարցին՝ արդյո՞ք այս փոփոխությամբ հնարավոր կլինի համակարգ ներգրավել կասկածելի կապեր չունեցող երիտասարդների՝ ինչպես նշված է Արդարադատության կողմից ներկայացված նախագծերի փաթեթում, Մելիքյանը պատասխանեց, որ այդ տարիքում, առհասարակ, անձը դժվար թե ունենա անգամ սոցիալական կապեր. «Սա հակասում է դատավորին ներկայացվող պահանջներին, որովհետև դատավորը պետք է ունենա փորձառություն, իսկ դա ենթադրում է որոշակի սոցիալական կապեր։ Ո՞վ է որոշում, թե որն է «կասկածելի կապեր» ասվածը»։

Խոսել ենք նաև Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մանանա Դավթյանի հետ։ Նա,  խոսելով ոլորտի երիտասարդների մասին՝ նշեց, որ նրանց համար ավելի գրավիչ է փաստաբանի աշխատանքը․ «Երիտասարդները ցանկանում են գործունեություն իրականացնել մասնավոր ոլորտում, հանդես գալ որպես փաստաբան, հետաքրքիր լուծումներ փնտրել օրենքի պահպանմանբ ու յուրովի մոտեցմամբ»։

Մանանա Դավթյան

Մանանայի կարծիքով՝ դատավորի կերպարն ու վարքը  անկախ աշխատանքի վայրում գտնվելուց, պետք է պահպանվի, սա ևս մեծ պատասխանատվություն է երիտասարդ, անփորձ դատավորի համար։ Սահմանափակումները ևս կարող են վանել երիտասարդներին․ դրանք են՝ առևտրային, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը և այլն․ «Ես չեմ բացառում, որ հետագայում դատավոր դառնալու նպատակ կունենամ, բայց 25 տարեկանը ցածր շեմ է։ Իհարկե, կլինեն ոլորտին շատ լավ տիրապետող մասնագետներ, բայց ոլորտին տիրապետելը, ըստ իս, բավարար չէ։ Ես դատավոր դառնալու մասին կմտածեմ միայն երկար տարիների փորձ ունենալուց հետո»։

Դատավորի աշխատանքի գրավչությունը բարձրացնելու համար 2023-ի աշնանը բարձրացվեցին նաև առաջին ատյանի դատարանների դատավորների աշխատավարձերը։

Գործադիրը հասկանում և ընդունում է, որ դատական համակարգում արդեն իսկ նկատվում են իրական ռիսկեր` համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու ցանկության և շահագրգռվածության բացակայության մասով:

Սակայն գործադիրը պետք է ընդունի, որ աշխատանքի գրավչության ցածր մակարդակը միայն սոցիալական ապահովության հետ չէ կապված, այլ նաև հասարակությունում դատավորի դերից, նշանակությունից, ընկալումներից։

«Դա չի նշանակում, որ ՀՀ բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են, բայց որ կան այդպիսի դատավորներ ու նրանց մի մասի անունը հայտնի է հանրությանը, կարծում եմ՝ ակնհայտ է»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, 2019 թվական, սեպտեմբերի 16

Նման հայտարարություններն էլ դատավորի դերի բարձրացման վրա բացասական ազդեցություն են ունենում։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել