ՌԴ-ն կարող է վերանայել Հայաստանի հետ հարաբերությունները․ Լավրովի հայտարարությունը

Հայաստանի խոստովանությունը, թե Ռուսաստանի հետ մերձեցման սկզբնական ուղեգիծը սխալ էր, կարող է հանգեցնել երկկողմ հարաբերությունների էական վերանայման։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Ասելու համար, որ 1991 թվականից ի վեր Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչում սխալ կողմ է բռնել՝ քաղաքական խիզախություն է պահանջում։ Եթե ​​սա Հայաստանի ողջ ղեկավարության գնահատականն է, և դա հիմնված է ողջ հայ ժողովրդի կարծիքի վրա, ապա սա ստիպում է շատ բան վերանայել ռուս-հայկական հարաբերություններում։ Մենք չենք կարող արգելել ինչ-որ հայտարարություններ անել մեր ապագա հարաբերությունների վերաբերյալ, բայց, ի վերջո, յուրաքանչյուրը պետք է ապավինի իր ժողովրդի կարծիքին», – հավելել է Լավրովը։

ԱԳ նախարարը նշել է, թե Հայաստանը առաջնորդվում էր Արևմուտքի օգնության խոստումներով, որն իրականում փորձում է ստիպել նրան խզել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և տարածաշրջանի ինտեգրացիոն կառույցների հետ։

«Հայաստանի ղեկավարությունը որոշել է ապավինել Երևանին սիրաշահող արտատարածաշրջանային երկրներին, որոնք խոստանում են օգնել Երևանին բոլոր դժվարություններում, եթե միայն Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանում ստեղծված ինտեգրացիոն կառույցների հետ։ Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենք իրենց համար կողմնորոշվեին, թե ինչպես են ուզում շարունակել ապրել և ինչպես են ուզում փոխադարձ հիմունքներով իրականացնել այն համաձայնագրերը, որոնք մեզ կապում են ինտեգրացիոն տարբեր կառույցներում»:»․-ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել