Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Հաջորդ դեպքում Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Փարաքար գյուղի մի բնակիչ տանը և կից օժանդակ շինություններում ապօրինի մշակում, աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Ստուգողական գործողությունների ընթացքում 27-ամյա երիտասարդը իրավապահներին հայտնել է, որ մարիխուանա ունի և պատրաստ է այն ներկայացնել։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան զննության ընթացքում երիտասարդը 12 գրամ մարիխուանայով փաթեթ է ներկայացրել։
Արաքս գյուղի 39-ամյա բնակչի կողմից տանը, հողամասում և կից օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ պահելու վերաբերյալ տեղեկություններ էին ստացել բաժնի համայնքային ոստիկանները։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան զննության ընթացքում տղամարդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայով 3 փաթեթ։
Հաջորդ բացահայտումը կրկին Արաքս գյուղում էր։ Համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ 33-ամյա մի բնակիչ տանը, հողամասում և կից օժանդակ շինություններում ապօրինի պահում է մարիխուանա։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան զննության ընթացքում տղամարդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայով փաթեթ։
Բոլոր դեպքերով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: