ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ապաշրջափակման հանձնաժողովի գործընթացին և նշել, որ այն այս փուլում կանգ է առել «հայ գործընկերների դիրքորոշման պատճառով»։
Զախարովան տրամաբանական է համարում, որ ՌԴ սահմանապահները վերահսկեն Մեղրու ճանապարհը․ «Դա տրամաբանական է տնտեսական և լոգիստիկ պատճառներով։ Ռուս սահմանապահները, այսպես, թե այնպես, տեղակայված են Սյունիքի հարավում, նրանք պաշտպանում են հայ-իրանական սահմանը։ Չենք կարծում, թե «Խաղաղության խաչմերուկը» Մեղրու կամ մեկ այլ ճանապարհի այլընտրանք է, ավելի շուտ՝ այն առավել գլոբալ հայացք է»։
Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին.
«Ռուսաստանը անբարյացակամ պահվածքի օրինակ է գնահատում Ալեն Սիմոնյանի խոսքերը՝ Երևանի օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին։ Իհարկե, հստակ չէ, թե որքանով է պաշտոնական Երևանի ԱԺ խոսնակը պատասխանատու իր բարձրաձայնած թեմայի վերաբերյալ։ Ռուսաստանը Հայաստանից ոչ մի հարցում չի ստացել՝ կապված Երևանի օդանավակայանից սահմանապահ զորքերի դուրսբերման հետ։ Մենք հասկանում ենք, որ թեման ծագել է Դմիտրի Սիրակովի գործի առնչությամբ, վստահեցնում ենք՝ ոչ մի հակաօրինական գործունեություն չենք ծավալել, մենք հարգում ենք պետությունների ազգային օրենսդրությունները»։