Ի՞նչ է նշանակում Ex officio–ն

Ex officio –ն լատինական տերմին է, որ նշանակում է «պաշտոնի իրավունքով» կամ «որևէ մեկի պաշտոնի կամ դիրքի ուժով»:

Հաճախ կարելի է լսել Ex officio անդամ արտահայտությունը: Օրինակ, հանձնաժողովի Ex officio անդամն այն անձն է, ով հանադիսանում է հանձնաժողովի անդամ, քանի որ զբաղեցնում է մեկ այլ պաշտոն: Որևէ կազմակերպության ներքին իրավական ակտով կարող է սահմանվել, որ վարչության բոլոր անդամները հանդիսանում են ֆինանսական հանձնաժողովի անդամներ: Սա նշանակում է, որ վարչության անդամները ֆինանսական հանձնաժողովի Ex officio անդամներ են:

Ex officio-ն կիրառվում է նաև բնորոշելու համար որևէ կազմակերպության կամ պետական մարմնի իրավասություննը՝ կայացնելու որևէ որոշում իր պաշտոնից ելնելով:

ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

Դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:

Դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել