Հետախուզման մեջ գտնվող նախկին դատավորի գործով նիստին պատասխանողներից ոչ մեկը չէր ներկայացել

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ փետրվարի 23-ին, տեղի ունեցավ հետախուզման մեջ գտնվող նախկին դատավոր Սամվել Ուզունյանին և նրա կնոջը՝ Ալլա Հարությունյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ:

Հիշեցնենք՝ նախկինում Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը քննել է 1999թ. «Հոկտեմբերի 27»-ի գործը:  2019թ. դեկտեմբերի 20-ից նա մեղադրյալի կարգավիճակում է։ Դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն, Ուզունյանը հատել է ՀՀ պետական սահմանը և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա նիստին պատասխանողներից և ոչ մեկը չէր ներկայացել՝ չնայած պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին։

Նշենք՝ դատախազությունը պահանջում է բռնագանձել հայցվորի պնդմամբ Ուզունյանին պատկանող Արագածոտնի մարզի Ուշի համայնքում գտնվող առանձնատունը, որը գրավադրված է ՝ «Գլաձոր» ՈւՎԿ-ում։ Նշենք, որ Ուզունյանների մասնակցությամբ նաև սնանկության վարույթ կա նախաձեռնված, քանի որ վերջիններս չեն կարողանում կատարել վարկային կազմակերպության առաջ ստանձնած պարտավարությունները։

Այսօրվա դատական նիստին պետք է ներկայանար նաև սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանը, սակայն վերջինս բացակայում էր։

Դատախազ Միհրան Բուլղադարյանը նշեց, որ մարտի 6-ին նշանակված է պարտատերերի ընդհանուր ժողով՝ արդեն իսկ սահմանված ցանկով․ «Քննարկվում է հարցը, որ դատախազությունը եւս որպես պարտատեր գրանցվի, բայց դա, իմ կարծիքով, գործին խոչընդոտ չի հանդիսանա»։

Դատարանը սնանկության վարույթը չդիտարկեց որպես գործի քննությունը շարունակելու խոչընդոտ: Լիլի Դրմեյանի հարցին, թե հայցվոր կողմի ներկայացուցիչը ինչ դիրքորոշում ունի գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի որոշման վերաբերյալ, հայցվոր կողմի ներկայացուցիչն ասաց՝ ապացուցման բեռի բաշխման մասով Գլխավոր դատախազությունը պետք է ապացուցի հետեւյալը.

«Նախադատելի փաստեր, որպես այդպիսին, այս պահին առկա չեն: Դատախազության կողմից առաջին հերթին պետք է ապացուցվի Սամվել Ուզունյանի և Ալլա Հարությունյանի փոխկապակցված անձ լինելու հանգամանքը, Ուշի համայնքի առանձնատունը Ալլա Հարությունյանին պատկանելու և Ուզունյանի իրական շահառու լինելու հանգամանքը: Պետք է ապացուցվի նաև վերջինիս եկամուտների հիմնավորված չլինելու և անշարժ գույքը շուկայականից ցածր արժեքը, ինչպես նաև Ս. Ուզունյանի կողմից 195 միլիոն 654 հազար 383 դրամի ծախսերը կամ փոխանցված գումարը՝ որպես ապօրինի եկամուտով ձևավորված լինելու փաստը։ Պետք է ապացուցվեն նաև այն փաստերը, որոնք դատարանը անհրաժեշտ կհամարի բեռի բաշխումից հետո»,- նշեց Բուլղադարյանը:

3-րդ անձի ներկայացուցիչը նշեց, որ օրենքով սահմանված կարգով կնքվել է վարկային պայմանգիր, և գրանցվել է գրավի իրավունքը, ինչպես նաև առկա է պարտավորության խախտում:

Նախագահողի հարցին՝ հաշտության գալու հնարավորություն առկա է, թե ոչ, դատախազը պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել, առաջարկ դեռևս չի եղել։

Դատարանը ապացուցելու պարտականությունը բաշխելու համար բավարար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը պարզված համարեց և որոշեց պարտականությունը բաշխելու և ապացույցներ ձեռք բերելու, այդ թվում դրանք բաշխելու բաց միջնորդության ժամկետ տրամադրել՝ առանձին դատական ակտի ձևով որոշում կայացնելով: Նիստը հետաձգվեց։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել