Aliqmedia.am-ը «Հայաստանում ԶԼՄ-ները զրպարտում են բնապահպաններին. Coalition for Human Rights in Development» վերտառությամբ նյութ է հրապարակել, որում նշվում է, որ «սոցցանցերում զրպարտչական հարձակումներն ու ատելության խոսքը ակտիվացել էին հատկապես հունվարին՝ Ամուլսարի հանքավայրի վիճահարույց ծրագրի շուրջ մտահոգություն առաջացնող հայտարարության հրապարակումից հետո»:
Հանուն մարդու իրավունքների զարգացման կոալիցիայի (Coalition for Human Rights in Development) պաշտոնական կայքում առկա տեղեկության համաձայն՝ կոալիցիան ունի ավելի քան 100 անդամ 46 երկրներում։
Այս քարտեզում պատկերված կետերը ներկայացնում են, թե որ երկրներից են անդամակցում կոալիցիային, ըստ որի Հայաստանից կառույցին անդամակցում է երկու հասարակական կազմակերպություն՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն և Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը։ Հավելենք նաև, որ ԹԻՀԿ խորհրդի նախագահը «Ալիք մեդիայի» համահիմնադիր, գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն է, իսկ «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը ԹԻՀԿ խորհրդի անդամ է։
Նշվում է նաև, որ «Ալիք մեդիայի» ֆինանսավորողներից մեկը կրկին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն է։
Այսպիսով, այդ հրապարակման մեջ ասվում էր նաև, որ բնապահպանների դեմ հանքարդյունաբերական ընկերությունները դատական հայցեր են ներկայացրել։
«Որպես օրինակ նշվում է 2018 թվականին Ամուլսարի հանքը շահագործող հանքարդյունաբերական «Lydian» ընկերության կողմից «Հայկական բնապահպանական ճակատի» կամավորների, համայնքի անդամների, բնապահպանների եւ մարդու իրավունքների այլ պաշտպանների դեմ ներկայացրած մի շարք հայցերը»,-ասվում է այդ հրապարակման մեջ։։
Iravaban.net-ը գրավոր հարցումներով դիմել է հրապարակման մեջ հիշատակված կողմերին՝ մեկնաբանություններ ստանալու համար։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ից հայտնել են. ««Տարիներ շարունակ Լիդիան Արմենիան դրսևորել է նախանձելի հանդուրժողականություն ընկերության և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ տարբեր անձանց կողմից շրջանառվող ապատեղեկատվության և կեղծիքի նկատմամբ:
«Սակայն ազատ խոսքի իրավունքը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են այլոց՝ զրպարտությունից պաշտպանված լինելու իրավունքները: Ուստի որպես պատասխանատու ընկերություն մենք պարտավոր էինք պաշտպանել Ամուլսարի ծրագրի հազարավոր շահագրգիռ կողմերի իրավունքը:
Այդ իսկ պատճառով ընկերությունը մի քանի տարի առաջ որոշեց կեղծիքի դեմ պայքարել իրավական դաշտում: Դատական հայցը՝ որպես լռեցնելու միջոց ներկայացնելը առնվազն զավեշտալի է։ Հակառակը՝ հայցը հնարավորություն է տալիս այդ անձանց գալ և իրավական հարթությունում ապացուցել, հիմնավորել իրենց կողմից արվող պնդումները, հայտարարությունները, եթե իրենք վստահ են իրենց ասածի ճշմարտացիության մեջ։ Դա նրանք, բնականաբար չեն կարողացել անել, քանի որ ակնհայտ էր, որ իրենց այդ հայտարարությունները կեղծիք են։
Նախորդ 4-5 տարիների ընթացքում զրպարտության հերքման պահանջով մեր կողմից ներկայացվել է 10 դատական հայց ընկերության հասցեին արված զրպարտությունը հերքելու պահանջով: Հատկանշական է, որ արդեն իսկ ունենք օրինական ուժի մեջ մտած 7 դատական որոշումներ, այդ թվում Նազելի Վարդանյանի, Թեհմինե Ենոքյանի դեմ ներկայացված հայցերով: Բոլոր նշված հայցերով դատարանը որոշել է, որ տվյալ անձանց կողմից Լիդիան Արմենիայի հասցեին արված հրապարակային հայտարարությունները հանդիսացել են զրպարտություն և նպատակ են ունեցել արատավորելու ընկերության գործարար համբավը և մոլորեցնելու հանրությանը»,-հայտնում են ընկերությունից։
Հրապարակման մեջ նաև նշվում է․ «Նմանատիպ դեպքերի թվում է նաեւ 2024 թվականի փետրվարի 9-ին «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» ուղարկված նամակի դեպքը։ Նամակում ընկերությունը նրան մեղադրել էր զրպարտության մեջ եւ պահանջել փոխհատուցում մեկ միլիոն դրամի չափով, ինչպես նաեւ հրապարակայնորեն հերքել ընկերությանը վարկաբեկող հայտարարությունները» ։
Ի պատասխան Iravaban.net-ի հարցին, ԶՊՄԿ-ից նշել են. «Մենք համարում ենք, որ ցանկացած մարդ, ընկերություն և հատկապես հանրային շահը պաշտպանելու հայտ ներկայացրած կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է առավել պատասխանատու վերաբերմունք ունենան ճշմարտության և փաստերի հանդեպ։ Մենք կողմ ենք մեր գործունեությանը վերաբերող հարցերում առարկայական և գիտական հիմք ունեցող քննադատությանը։ Բայց երբ հնչում է կեղծիք, սուտ, զրպարտություն, մենք դրան չարձագանքել չենք կարող։ Մենք չենք կարող թույլ տալ ընկերության հանդեպ կեղծիքի և զրպարտության տարածումը և դրա հետևանքով երկիմաստ կասկածների ձևավորումը ընկերության աշխատակիցների, ազդակիր համայնքների տասնյակ հազարավոր բնակիչների շրջանում։
Ընդ որում, ձեր նշած անձանցից, որպես առաջին քայլ, ինչպես միշտ նման դեպքերում, պահանջվել է հերքել իրենց հայտարարությունները։
Երբ մարդը հրաժարվում է հերքել այն, ինչ ընկերությունը համարում է զրպարտություն, դրանով իսկ պնդում են, որ իրենց ասածը ճշմարիտ է և պատրաստակամություն հայտնում` վեճը լուծել դատական կարգով։ Հետևաբար, անհասկանալի է, թե ի՞նչ ճնշման մասին է խոսքը։ Դատարանը հրապարակային, բաց քննությամբ կորոշի, արդյոք ասվածը զրպարտություն է, թե՝ ոչ։ Այդպես են լուծվում զրպարտության և նմանատիպ այլ ցանկացած վեճեր ցանկացած ժողովրդավարական երկրում»։
Մենք գրավոր հարցմամբ դիմեցինք նաև «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանին։ Վերջինիս պատասխանում ասվում է․
«Ես չեմ մեկնաբանում միջազգային կազմակերպությունների հայտարարությունը (հայտարարությունը հասանելի է սույն հղմամբ), միևնույն ժամանակ կիսում եմ իրենց մտահոգությունները»։
Հարկ է նշել, որ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը ՀՀ-ում իրականացվում է Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն։ Այսինքն, զրպարտության դեպքում դատական հայց ներկայացնելը առկա խնդիրը լուծելու իրավական, օրինական ճանապարհն է։
Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները նույնպես սահմանված են նշված օրենսգրքով՝ 1087.1 հոդվածով։ Այս հոդվածի համաձայն՝ բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել պահանջելուց, հնարավոր է նաև փոխհատուցում վճարելու պահանջ ներկայացնել՝ մինչև 6 մլն դրամի չափով։ Իսկ փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները։