Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
Ծառայողական գաղտնիքը ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունն ու պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Պետական ու ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով: