Ոստիկանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները հարգելու, միանձնյա ղեկավարման, կենտրոնացված կառավարման սկզբունքների հիման վրա։
Ոստիկանության զորքերն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության բացառման սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:
Ոստիկանության զորքերի հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, համապատասխանի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն օրինական, անհրաժեշտ և չափավոր:
Ոստիկանության զորքերի խնդիրներն են՝
հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցելը.
հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանումը ու հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը.
ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցելը.
Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը
Ոստիկանության զորքերի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը: Ոստիկանության զորքերի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Ոստիկանության զորքերի մասին ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այլ օրենքներով ու իրավական ակտերով: