Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականության մասին

Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է միասնական մաքսային քաղաքականություն, որը Հայաստանի Հանրապետության համընդհանուր տնտեսական քաղաքականության անբաժանելի մասն է:

Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականության նպատակներն են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով և մաքսային տարածքում ապրանքաշրջանառության մաքսային հսկողության, ինչպես նաև մաքսային քաղաքականության իրագործման այլ միջոցների արդյունավետ կիրառումը, մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախության և անվտանգության ապահովմանը, ներքին շուկայի պաշտպանությանը, ազգային տնտեսության զարգացմանն ուղղված տնտեսական քաղաքականության այլ խնդիրների իրագործումը և աջակցությունը:

Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը և պայմանները, մաքսային վճարների գանձումը, մաքսային ձևակերպումները, մաքսային հսկողությունը և մաքսային քաղաքականության իրագործման այլ միջոցները:

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ցամաքային, ջրային և օդային տարածքը:

Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են լինել ազատ մաքսային պահեստներ և ազատ տնտեսական գոտիներ, որոնց տարածքները համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս գտնվող տարածքներ:
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի, ազատ մաքսային պահեստների և ազատ տնտեսական գոտիների սահմանագծերը համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել