Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը վճարվում է հայկական դրամով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելով կարող է սահմանել և պարտադիր կիրառության մեջ դնել պետական տուրքի վճարման բանկային հաշվարկային փաստաթղթերի (անդորրագրերի) տիպային ձևեր:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը արտարժույթով գանձելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված նախորդ տարվա` արժութային շուկաներում ձևավորված միջին տարեկան փոխարժեքը:
Պետական տուրքի դրույքաչափն արտարժույթով հաշվարկելու ժամանակ տվյալ արտարժույթով ամբողջական թիվ ստանալու համար իրականացվում է դրույքաչափի կլորացում: Մինչև 0,5-ի դեպքում դրույքաչափը կլորացվում է դեպի փոքրացում, իսկ 0,5-ից ավելիի դեպքում` դեպի մեծացում:
Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները:
Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` Պետական տուրքի մասին ՀՀ օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է: