Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Արշալույս Միլոնյանը «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ բռնի տեղահանվել է օկուպացված Արցախի Հանրապետության քաղաքամայր Ստեփանակերտից։
Նա արդեն 3-րդ անգամ է տեղահանվում ագրեսոր թշնամու գործողությունների հետևանքով։ 1992 թվականին տեղահանվել է Հին Կարմիրավանից։
«Հետո տեղափոխվեցինք Նոր Կարմիրավան։ 2020 թվականին այնտեղից էլ տեղահանվեցինք։ Տեղափոխվեցինք Ստեփանակերտ։ Կորցրեցինք եղբորս՝ Գարիկ Գալստյանին, որը հետախույզ էր։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը վերջնական հարվածն էր։ Այդ օրն ինձ մոտ ժողով էր։ Ասում էին՝ Ասկերանում լարված է։ Ու մի հարված եկավ, ամբողջ շենքը տարուբերվեց։ Ժողովուրդը գլխապատառ փախնում էին, պայթյուն, գոռգոռոցներ։ Տարբեր ուղղություններով Ադրբեջանը սկսել էր զինված հարձակում։ Հարվածները շատ էր Կրկժանի հատվածում։ Ճգիտեի՝ եղբորս երեխաները որտեղ են, ինչ է կատարվում, բոլորը վազում էին, կապ չկար։ Դուրս եկանք, տեսանք՝ քաղաքը ծխի մեջ կորել է։ Մեկը գոռում էր՝ երեխաս չկա, այդ պահին չգիտեի՝ ում հանգստացնեի, մեկը լիներ՝ ինձ հանգստացներ։ Որոշեցինք դուրս գալ, ոտիկանն ասում է՝ հարգելի ծնողներ, յուրաքանչյուր պահի կարող են խփել հրապարակին, մի գնացեք»,-պատմում է նա։
Նա ընդգծում է, որ թիրախավորել էին խաղաղ բնակչությանը։
«Համալսարանի մոտ արկն ընկավ, մահվան դեպքեր գրանցվեցին։ Մի խոսքով՝ հաս տուն։ Երկու տարեկան երեխաս ասում է՝ մամա, դումփ-դոմփ արին, ես վախի։ Ու այդպես հազարավոր բալիկներ։ Չգիտեմ, ոնց անցավ այս օրերը։ Մի կողմից էլ հացի խնդիր էր։ Լույս չկար, գազ չկար, մեկն էլ ջրի խնդիր ուներ։ Այդ օրերին ժողովուրդը որտեղի՞ց հաց գտներ, եթե վախենում էին իրենց կյանքի, իրենց երեխայի կյանքի համար»,-նշում է մեր զրուցակիցը։
Արշալույսի խոսքով՝ 21-րդ դարում քաղաքացին զրկված է եղել տարրական պայմաններից, գազից, լույսից։
«Ով հնարավորություն ուներ փայտ էր վառում, բայց փայտն էլ հետո խնդիր դարձավ, որովհետև վառելիք չկար կամ կար, բայց աստղաբաշխական թվեր։ Գնալով օղակն ավելի սեղմվեց։ Սկզբում չէինք գիտակցում, թե հետագան ինչ կլինի։ Ով է տեսել 21-րդ դարում մարդն ունենա մակարոնի խնդիր, սա ծիծաղելի է։ Թե ոնց ենք մենք դիմացել այդ ինը ամիսները, միայն Աստված գիտի։ էլի կդիմանայինք, հազարավոր ամիսներ կդիմանայինք, մենակ թե մեզ թսղեին․․․Քարից հաց ու արդեն աղ էինք քամում։ Այս առօրյային մենք սովորել էինք, զրկանքները տանում էինք, միայն թե մեզ թողեին մեր հայրենի հողում»,-պատմեց մեր զրուցակիցը։
————————
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան