Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատաքննությունը։ Դատարանն առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննելու է կոլեգիալ` 3 դատավորի կազմով։ Նախագահող է նշանակվել Կարեն Ամիրյանը, կազմում են Մեսրոպ Մակյանը և Արմեն Հովհաննիսյան։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով, որից մեկը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2019թ․ սեպտեմբերից մինչև 2020թ․ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ երկու դրվագ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։
Նշվում է, որ Վահագն Վերմիշյանը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Նատալյա Չեռնիկովայի կողմից 2019թ․ մայիսի 16-ին հիմնադրված, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող՝ ճարտարապետական և նախագծային աշխատանքներ կատարող «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության կառավարմանն առավել արդյունավետ մասնակցություն ունենալու, արդյունքում նյութական օգուտներ ստանալու համար որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքել «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության տնօրենի հետ, որով վերջինն ամսեկան 314 հազար 165 դրամ աշխատավարձով ընդունվել է աշխատանքի ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ որպես միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի խորհրդական:
Նշվում է, որ 2019թ․ հոկտեմբերից մինչև 2020թ․ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Չեռնիկովան պետական միջոցներից անհիմն ստացել է ընդհանուր 1 միլիոն 478 հազար 483 դրամ ընդհանուր գումարի չափով աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ՝ փաստացի չկատարելով կոմիտեի գործառութային պարտականություններից բխող աշխատանքները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Վերմիշյանը դատարանում հայտնել է, որ Չեռնիկովային ճանաչում է 2016 թվականից ՌԴ Օրյոլ քաղաքից: Եղել է նրա դիպլոմային աշխատանքի ղեկավարը և այդ ժամանակներից մտերմացել է նրա հետ: 2017 թվականին Երևան է վերադարձել, որից հետո, Նատալյա Չեռնիկովան 2018 թվականին նույնպես տեղափոխվել է Երևան՝ մշտական բնակության նպատակով:
Ըստ նրա՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո՝ 2019 թվականի հուլիսին, Նատալյա Չեռնիկովային ընդունել է աշխատանքի՝ որպես վարչության պետի խորհրդական: Վերջինս ՀՀ-ում հիմնադրել է «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերությունը և ցանկացել է ծավալել տարբեր տեսակի գործունեություն՝ այդ թվում զբաղվել նախագծային աշխատանքների կազմումով:
Չերնիկովան նախագծման աշխատանքներով զբաղվել է հիմնականում տանից կամ իր կողմից վարձակալած տարածքում: Նրանից է Վերմիշյանը տեղեկացել Բագրատ Խաչատրյանի կողմից ստացված էսքիզային նախագծի կազմման պատվերի մասին, ում հետ նա կնքել է պայմանագիր:
Վերմիշյանը տեղեկացել է նաև, որ Բագրատ Խաչատրյանը գումարը չի փոխանցում, ինչի համար զանգահարել է վերջինիս և հետաքրքրվել պատճառներից: Խաչատրյանը պատասխանել է, որ գումար չվճարելու միտում չունի և ցանկություն է հայտնել անձամբ ծանոթանալ իր հետ: Հանդիպել է Բագրատ Խաչատրյանին, ով պատմել է, որ ցանկանում է բազմաբնակարան շենք կառուցել, որի նախագծային աշխատանքները կատարում է Նատալյա Չեռնիկովան: Խաչատրյանը քաղաքաշինական փաստաթղթերի ճիշտ և գրագետ ձևակերպումներից անտեղյակ է եղել, ուստի կանչել է քաղաքաշինության իրավաբան Խաչատուր Ղալթաղչյանին և հանձնարարել Բագրատ Խաչատրյանին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, օգնել վերջինիս՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան փաստաթղթերի կազմման գործընթացում:
Ըստ Վերմիշյանի՝ նա նմանատիպ հարցերի շուրջ ամսվա մեջ մեկ կամ երկու օր հանդիպել և քննարկել է տարբեր քաղաքացիների հետ, որին ներկա են եղել նաև տեղակալները, վարչության պետերը և այլ աշխատակիցներ: Բագրատ Խաչատրյանի հետ կնքված պայմանագրի գնի վերաբերյալ տեղյակ չի եղել:
Ըստ դատախազության, Վահագն Վերմիշյանն անձամբ մասնակցելով «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության կառավարմանը, մեկ այլ անձի կողմից խորհուրդներ, ցուցումներ, տեղեկատվություն և միջոցներ տրամադրելու, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության հեղինակությունը բարձրացնելու նպատակով, օգտագործելով նույն գործունեությամբ զբաղվող այլ կազմակերպությունների նկատմամբ ունեցած, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ հովանավորչությունից բխող հնարավորություններն ու առավելությունները, անձամբ և իր ենթակայության տակ գտնվող աշխատողների միջոցով ապահովել է վերջինների կողմից Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ մասնագիտական քննարկումներ կազմակերպելը և դրանց մասնակցելը, նրանց մոտ «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության կողմից առաջ քաշված տեսակետներն ու մասնագիտական կարծիքներն ընդունելի դարձնելը։
Ըստ մեղադրանքի կողմի՝ Վահագն Վերմիշյանը, ձեռնամուխ լինելով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելուն, անձամբ վերահսկել է «Մոսս Գռուպ» ՍՊԸ-ի պատվիրատու Բագրատ Խաչատրյանի նախաձեռնած շինարարական աշխատանքների նախագծերի կազմման գործընթացը։
«Դրա դիմաց՝ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում որպես եկամուտ ստացվող գումարի չափը՝ 25 միլիոն 100 դրամ գումարը, որպես մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումար, նախապես քննարկվել և փոխադարձ համաձայնությամբ որոշվել է մեկ այլ անձի և Վահագն Վերմիշյանի կողմից»,-նշվում է մեղադրական եզրակացության մեջ:
Ըստ մեղադրող դատախազի՝ Վերմիշյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պետությանը պատճառել է շուրջ 1,5 միլիոն դրամի գույքային վնաս, ինչպես նաև հեղինակազրկել է պետական մարմինը, խաթարվել է Քաղաքաշինության կոմիտեի բնականոն գործունեությունը։
«Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության, առավել ևս դրա ղեկավարման հետ կապ չի ունեցել, որևէ հովանավորչություն կամ առավելություն չի տրամադրել, որևէ կառուցապատողի խորհուրդ չի տվել դիմել Նատալյա Չեռնիկովային՝ նախագծային աշխատանքներ իրականացնելու համար:
Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ևս պնդում է, որ իր պաշտպանյալը ձեռնարկատիրական գործունեության չի զբաղվել․ «Կարող էր զբաղվել, սակայն չի զբաղվել»։
Պաշտպանի պնդմամբ՝ ճարտարապետական գործունեությունը տեղավորվում է մտավոր ստեղծագործական աշխատանքի համատեքստում։
«Այն, ինչ նկարագրված է մեղադրական եզրակացությունում, ամբողջ ծավալով տեղավորվում է մտավոր ստեղծագործական աշխատանքի տակ, ուստի դրա համար քրեական պատասխանատվության կոչելն ապօրինի է։ Մեր գլխավոր մեսիջն այն է, որ Վահագն Վերմիշյանը կարող էր զբաղվել այդ տեսակի գործունեությամբ, սակայն չի զբաղվել։ Երկրորդ՝ ինչու է օրենքը խտրականությամբ կիրառվել»,-նշում է փաստաբանը։
Բացի այդ, մեղադրական կողմը պնդում է, որ փաստացի Վերմիշյանն է ղեկավարել «Մոսս Գռուպ» ՍՊԸ-ն։ Սակայն ուշադրության է արժանի այն փաստը, որ տվյալ ընկերության վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթով բռնագանձման պահանջ չի ներկայացվել։
«Հայցադիմումի մեջ ընկերության վերաբերյալ նշում չկա, որովհետև դատախազությունից մեր գործընկերները հասկանում են, որ չի էլ կարող լինել։ Եթե մի բան ապօրինի է, ապա դրանով պետք է տրամաբանություն բացակայի։ Դա օրինաչափ է, որպեսզի ապօրինությունը լինի անտրամաբանական։ Սա ամենաաբսուրդ մեղադրանքն է։ Թղթի վրա շենքի նախագիծ գծելը չի կարող մեկնաբանվել որպես ձեռնարկատիրական գործունեություն»,-նշում է Ալեքսանդր Կոչուբաևը։
Բացի այդ, փաստաբանը նշում է, որ նախկինում էլ, այժմ էլ կան պաշտոնատար անձինք, ովքեր իրենց պարտականություններից բացի այլ աշխատանքներ էլ են կատարում, սակայն դրա համար չեն պատժվում։
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Վերմիշյանին մեղավոր է ճանաչել նաև այս դրվագով ու նրան ընդհանուր առմամբ դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։
Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։