Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը։
Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին պատասխանողներից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
- 79 անշարժ գույք.
- 42 տրանսպորտային միջոց.
- Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ.
- Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ.
- 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք.
- 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր.
- 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք.
- 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ.
- 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստին նիստերի քարտուղարը հայտնեց դատարանին, որ Ծառուկյանների ընտանիքը, բացի Գագիկ Ծառուկյանից, հունվարի 17-ին՝ նիստից առաջ, իրենց ներկայացուցիչների լիազորությունները դադարեցրել են։ Այժմ ներկայացուցիչներ չունեն Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, Կոլիկ Ծառուկյանը, Նվեր Ծառուկյանը, Ռոզա Ծառուկյանը, Հովհաննես Ծառուկյանը և Արփի Ավետիսյանը։
Այնուհետև Iravaban.net-ին հայտնի դարձավ, որ նիստից առաջ մի քանի փաստաբանների լիազորություններ դադարեցրել է նաև Գագիկ Ծառուկյանը, բացի Հարություն Հարությունյանից։ Փաստաբան Վարազդատ Ասատրյանը գործով ներգրավվել է միայն հունվարի 16-ին, իսկ Սմբատ Մինասյանը՝ օրեր առաջ։ Վերջիններս միջնորդեցին այդ հիմքով հետաձգել նիստը և հնարավորություն տալ իրենց՝ նոր ներգրավված փաստաբաններին ծանոթանալ նյութերին։
«Փաստաբաններից յուրաքանչյուրը վստահորդի հետ ունի որոշակի պայմանավորվածություն և պարտավորությունների շրջանակ։ Եթե պարոն Ասատրյանի միջնորդությունը մերժենք, ապա այն պարտականությունների ծավալը, որն ինքը պետք է իրականացնի, կմնա անկատար։ Բացի այդ, կարծեմ պարոն Մինասյանի լիազորագիրն էլ է հունվարի 16-ով կամ 15-ով ստորագրված։ Հետևաբար, այս պահին մենք ունենք ներգրավված 2 նոր ներկայացուցիչներ, ոչ թե մեկ։ Այս պայմաններում կարճ հետաձգման միջնորդությունը մերժել, հաշվի առնելով, որ առաջին դատական նիստն է, կարծում եմ՝ կխախտի կողմերի հավասարությունը»,-նշեց Հարություն Հարությունյանը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանը առարկեց ներկայացված միջնորդության դեմ։
«Դատարանը հենց նոր ստուգեց և պատշաճ համարեց 3 ներկայացուցչի լիազորություններ։ Ըստ որի՝ պարոն Հարությունյանը և Մինասյանը գործի նյութերին ծանոթացել են շատ ավելի վաղ։ Պարոն Հարությունյանի կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան, ինչը վկայում է այն մասին, որ առերևույթ ծանոթացել են նյութերին։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ եթե ներկայացուցիչը նոր է ներգրավվել և ծանոթ չէ նյութերին, հնարավորություն չի ունենալու արդյունավետ իրականացնել իրավունքի պաշտպանությունը, սակայն դա այդպես չէ»,-ասաց դատախազը։
Բացի այդ, հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ հայցի հիմքի և առարկայի ներկայացումն այնպիսի դատավարական գործողություն է, որի դեմ առարկելու, հարցեր տալու հնարավորություն պատասխանող կողմն ունենալու է նաև հետագայում։
Դատավոր Լիլի Դրմեյանը 2 րոպե ընդմիջում հայտարարեց, այնուհետև վերադարձավ նիստերի դահլիճ և բավարարեց ներկայացված միջնորդությունը․ նիստը հետաձգվեց։
Հատկանշական է, որ Հակակոռուպցիոն դատարանի այլ դատավորներ, նույն պայմաններում, նիստը հետաձգելու վերաբերյալ նմանատիպ միջնորդությունները չեն բավարարել։ Օրինակ՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված 15 անձանց վերաբերյալ գործով պատասխանողների ներկայացուցիչ Սմբատ Մինասյանը միջնորդել էր նիստը հետաձգել, քանի որ գործի նյութերին ծանոթ չէր։ Նույն գործով նիստը հետաձգելու միջնորդություն էր ներկայացրել նաև Լուսնթագ Բեժանյանը։ Այդ նիստը նախագահող դատավոր Կարապետ Բադալյանն արձանագրել էր, որ կան դատավարական գործողություններ, որոնք կարող են իրականացվել ընթացող նիստի ժամանակ, իսկ փաստաբանները գործի նյութերին ծանոթանալուց հետո կարող են ներկայացնել իրենց դիրքորոշումը։ Նշված գործով նիստը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանն անհիմն էր դիտարկել և մերժել։
Որոշ դեպքերում նման միջնորդությունները դատավորները դիտարկել են փաստաբանի կողմից իր իրավունքներից անբարեխիղճ օգտվելու համատեքստում։
Եվգենյա Համբարձումյան