Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգված է Երևանում «նեոնացիստական» խմբավորումների երթով

Մոսկվան մտահոգված է Հայաստանում նացիստական խորհրդանիշերով մի խումբ երիտասարդների երթով, անհրաժեշտ է արմատախիլ անել նացիզմի ցանկացած դրսևորում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Խորը մտահոգությամբ ընդունեցինք հունվարի մեկին Երևանի կենտրոնում տեղի ունեցած մի խումբ ֆաշիստ երիտասարդների երթը։ Մենք, իհարկե, զարմացած ենք, որ իրավակարգի հայկական ուժերը ոչ մի կերպ չեն խոչընդոտել հավաքի մասնակիցներին, որոնք բառացիորեն տեսախցիկով, ԶԼՄ-ների ներկայությամբ ցույց են տվել իրենց կողմնորոշումը՝ ձեռքերը պարզելով նացիստական ողջույնով», – նշել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ 2022-ի օգոստոսին, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ելույթ ունենալով Դարիա Դուգինայի հուղարկավորության ժամանակ, արտասանել է գերմանացի նացիստների կարգախոսը. «Անկախ կուսակցություններից, կարող է լինել միայն մեկ մոտեցում. մեկ երկիր, մեկ նախագահ, մեկ հաղթանակ»։

Պատգամավորի ելույթը հեռարձակել է պետական ​​առաջին ալիքը։

Սլուցկու խոսքերը նացիստական ​​Ein Volk, ein Reich, ein Führer («Մեկ ժողովուրդ, մեկ երկիր, մեկ առաջնորդ») նշանաբանի գրեթե բառացի թարգմանությունն են: Կարգախոսն արտացոլում էր գերմանացիներին մեկ «ազգային համայնքի» մեջ միավորելու ֆաշիստների առաջադրած խնդիրը։ Կարգախոսը պարբերաբար հայտնվում էր Հիտլերի դիմանկարով պաստառների վրա:

ՌԴ իրավապահ մարմինները որևէ կերպ չեն արձագանքել պաշտոնյայի այս հայտարարությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել