ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի անդամները պետք է այլ մոտեցում ցուցաբերեն, քանի դեռ Սպիտակ տունը կարող է միջնորդական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բարդ և ռազմավարական խաղաղության բանակցություններում։ Այս մասին Newsweek-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
Նա ասել է, թե Ամերիկայի միակողմանի դիրքորոշումը Ղարաբաղում երկարաժամկետ հակամարտության վերաբերյալ «անհանգստություն» է առաջացրել Բաքվում։ Հաջիևը մեկնաբանել է ենթադրությունները, թե սեպտեմբերյան գործողությունը (Ղարաբաղում – խմբ.) համակարգված է եղել Մոսկվայի հետ․ «Սա հերթական կեղծ վարկածն է, որը հետապնդում է հայկական կողմը։ Մենք այս օպերացիան սկսելու ծրագիր չունեինք… Այլ ելք չմնաց»։
Բաքուն հետագա ռազմական գործողությունների անհրաժեշտություն չի տեսնում, շարունակել է Հաջիևը՝ հերքելով մտավախությունները, որ Ադրբեջանի զինված ուժերը կարող են գործողություն իրականացնել Հայաստանի հարավում՝ Նախիջևան տանող ցամաքային ճանապարհ կառուցելու համար։
«Մենք տեսնում ենք կեղծ տագնապ և հիստերիա Հայաստանի կողմից, ինչպես նաև տեսնում ենք որոշ գործընկերների հայտարարություններ այն մասին, թե արդյո՞ք Ադրբեջանը այլ մտադրություններ ունի։ Ադրբեջանն այլևս չունի ռազմական նպատակներ. մեզ համար պատերազմն ու դիմակայությունն ավարտված են։ Մենք ստացանք այն, ինչին արժանի էինք»,-նշել է նա: